Խաչատրյանի անվան տրիոն Սյունիքում փորձում է վերածնել դասական երաժշտության ավանդույթները

Խաչատրյանի անվան տրիոն Սյունիքում փորձում է վերածնել դասական երաժշտության ավանդույթները

PanARMENIAN.Net - Խաչատրյանի անվան տրիոն հունիսի 10-13-ը ելույթներ է ունեցել Սյունիքի մարզում: Երաժշտական ծրագիրը կոչվում էր «Երաժշտական շրջագայություն», և ամեն մի երաժշտական կատարում ուղեկցվում էր տվյալ կոմպոզիտորի հայրենիքի տեսարժան վայրերի լուսանկարներից պատրաստված հոլովակով: Համերգներում կատարվեցին Խաչատրյանի, Դեբյուսիի, Շուբերտի, Ռախմանինովի, Պիացոլլայի, Բարտոկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երաժիշտների առաջին կանգառն էր Քաջարան քաղաքը: Նրանք ելույթ ունեցան տեղի Մշակույթի պալատում, որին ներկա էր Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Քաջարանից: «Այսօր հերթական անգամ մեր քաղաքի հյուրն էր Խաչատրյանի անվան տրիոն, ովքեր ամառային այս գեղեցիկ օրով լիցքավորեցին բոլորին: Ես իմ անկեղծ համակրանքն եմ արտահայտում նրանց նկատմամբ»,-ասաց քաղաքապետը:

Տրիոյի երկրորդ համերգը մարզկենտրոնում էր` Կապանի Արվեստի պետական քոլեջում: Համերգին ներկա էին քաղաքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչներ, քոլեջի սաներ և պարզապես դասական երաժշտության սիրահարներ: «Մարզը, հատկապես Կապանը հարուստ երաժշտական ավանդոույթներ է ունեցել, և մենք աշխատում ենք, որպեսզի այդ ավանդույթները կրկին վերածնվեն», նշեց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Համերգներն իրականացան «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ, «ԱրմենՏել» ընկերության և ՎՏԲ-Հայաստանի աջակցությամբ: Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների համար: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---