Չինաստանի պետական խորհրդի նախագահը շնորհավորել է վարչապետին

Չինաստանի պետական խորհրդի նախագահը շնորհավորել է  վարչապետին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերա-նշանակվելու կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ և կայուն ուղով: Կողմերի միջև բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր և փոխգործակցություն միջազգային և տարածաշրջանային հարցերում: Համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ամրապնդել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը և ի հայտ է բերել երկկողմ համագործակցության նոր հետաքրքրություններ:

Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը և աջակցությունը հայ-չինական հարաբերությունների և երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում:

Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեր աշխատանքում»:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կիսում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Չինաստանի իր գործընկերոջ խոսքերը: «Մեր երկկողմ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Հայաստանը շահագրգռված է դրանում: Մեր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ամրապդնվեն, քանի որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է վարչապետը:

«Չնայած ճգնաժամային իրավիճակին՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, քաղաքական ոլորտում ևս պահպանվում է կայունություն: Ձեր գլխավորած կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը մեծ ավանդ ունեն այս աշխատանքներում: Ուրախ ենք Ձեր հաջողությունների համար»,- ասել է Թիան Չանչունը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա տարբեր բնագավառներում: Թիան Չանչունը տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի բացման աշխատանքները, որը կնպաստի մեր երկրում չիներենի տարածմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում տնտեսական, սոցիալական, կրթական, հումանիտար և այլ բնագավառներում իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր: Վարչապետը կարևորել է երկկողմ նոր նախագծերի մշակումն ու ներդրումը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև չինական կողմից տարբեր ոլորտներում պարբերաբար ստացվող օժանդակությունը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---