«Ժամանակ». Օսկանյանը Հայաստանում տուն չունի, փոխարենը հսկայական տուն ունի Գլենդել քաղաքում

«Ժամանակ». Օսկանյանը Հայաստանում տուն չունի, փոխարենը հսկայական տուն ունի Գլենդել քաղաքում

PanARMENIAN.Net - «Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Հայաստանում տուն չունի , փոխարենը հսկայական տուն ունի Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում: Օսկանյանն իր այս տունը նշել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում:

Թերթը գրում է, որ հետաքննության արդյունքում «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ Գլենդել քաղաքում իր տունն Օսկանյանը ձեռք է բերել 1996թ. հունիսի 3-ին` 325-350 հազար դոլարով: Առանձնատունը երկհարկանի է, ունի 9 սենյակ, 3 ննջարան, 3 սանհանգույց, կառուցված է 1975 թ.-ին, որը ԱՄՆ-ում համարվում է բավականին թարմ: Միայն տան մակերեսը 218 քմ է, իսկ կից հողամասը՝ լողավազանով, 2,351 քմ, որն ահռելի տարածք է: Տունը վերջին անգամ մասնագետը գնահատել է անցած տարի:

Դեռ 1996-ին Օսկանյանի վճարած շուրջ 350 հազար դոլարը համարվել է շատ լուրջ ներդրում և ահռելի կապիտալ: Ընդ որում`այն ժամանակ ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վ. Օսկանյանը միայն իր աշխատավարձով նման ներդրում չէր կարող իրականացնել, և հայտնի չէ, թե ինչ միջոցներով է ՀՀ ԱԳ փոխնախարարը գնել այս շքեղ առանձնատունը:

Անցած տարիների ընթացքում տան արժեքը գրեթե կրկնապատկվել է, և ներկայում այն արժե 700 հազար դոլար, որը Գլենդելում համարվում է թանկարժեք (լավ տները մոտ 500 հազար դոլարի մոտակայքում են): 2005 թ.-ին Վ. Օսկանյանի կինը՝ Նանե Օսկանյանը, 255 հազար դոլար պարտք է վերցրել տան համար, այնուհետև երկրորդ անգամ կրկին պարտք է վերցրել՝ 100 հազար դոլար: «Ի դեպ, նախկին արտգործնախարարը նույնիսկ ավտոմեքենա չունի, չունի նաև 8 միլիոն դրամը գերազանցող գույք: Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի եկամուտ չի ստացել, փոխարենը՝ մարտի 1-ի դրությամբ իր հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն 100 հազար դոլար: Նա հայտարարագրել էր նաև 8 հազար քմ մակերեսով հողատարածք՝ Ծաղկաձոր քաղաքում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---