Օգոստոսին Գարեգին Երկրորդը կայցելի Ռումինիա![]() 25 հունիսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին: Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձել է Վեհափառ Հայրապետի` հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ և օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման և վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները: Ժողովականներն անդրադարձել են նաև այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվել են մի շարք կարևոր նյութեր, ինչպիսիք են Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և ներեկեղեցական տարբեր խնդիրներ: Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին և աղոթք բարձրացրել Պատրիարք Սրբազանների և երկու պատրիարքությունների միաբանների համար: Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցել են հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունել է հանձնախմբերի արձանագրած արդյունքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |