Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին դիմում է նախագահին և դատախազին.25 հունիսի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին դիմում է նախագահին և դատախազին։ Այս մասին տեղեկանում ենք նրա տարածած հաղորդագրությունից, որտեղ մասնավորապես գրված է. «Նորից դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես երկրում արդարադատության երաշխավորի (թեպետ նամակներն իմ կասկածում եմ, թե հասնում են հասցեատիրոջը) Դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Դիմում եմ բողոքի ակցիայի մասնակից ավելի քան 500 փաստաբաններին և, իհարկե, ոչ անտարբերներին Հունիսի 22-ին պատասխան ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանից, որում ասված էր` Ձեր պաշտպան Վ.Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվում է` 08.06.12 որոշմամբ: Այսինքն` Վճռաբեկը դեռ մինչև չոր հացադուլ հայտարարելս էր մերժման որոշում կայացրել, բայց, չգիտես ինչու, բռաչափ Երևանում պատասխանը Նուբարաշենի կլոր գերեզմանոց էր հասել երկու շաբաթում: Բայց առավել կարևորն այն է, որ երկու ամիս էր անհրաժեշտ Վճռաբեկ դատարանին, որպեսզի խղճուկ երկու էջանոց ձևակերպումով ետ վերադարձնի փաստաբանիս բողոքը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով 16 տարի առաջ կայացված իմ մահապատժի դատավճիռը բեկանելու և նոր քննություն սկսելու մասին: Մեր պահանջն առավել, քան հիմնավոր է. իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ապացույցներ, որ 1996 թ-ին նախաքննության առաջին իսկ ժամերից քննիչի կողմից կատարվել են ակնհայտ կեղծիքներ, մասնավորապես իբր սպանության գործիք հանդիսացող առարկաները, որպես այդպիսին ճանաչելու նպատակով հրավիրվել են ընթերականեր: Այսօր փաստացի ապացույցներ են ձեռք բերվել, որ նրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Չեմ ցանկանում իրավաբանական հիմնավորումների մեջ խորանալ, պարզապես մեջբերեմ Քր. Դատավարության օրենսգրքի 426 հոդվածի 3-րդ կետը, այն է` դատական ակտերի վերանայման հիմքերը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով. վերանայման է ենթակա ակտը, եթե դատական ակտով հաստատված է փորձագետի եզրակացությամբ ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական արձանագրությունների և այլ փաստերի կեղծված լինելը: 1996 թ-ի դատավճիռը չբեկանելով` փաստորեն Վճռաբեկ դատարանը կանաչ լույս է վառում քննիչների, դատաբժշկական փորձագետների համար` որքան կարող եք կեղծեք փաստաթղթեր, վկաների ցուցմունքներ, հորինեք գոյություն չունեցող ընթերականներ, կեղծեք դատակենսաբանական եզրակացություններ, ինչպես իմ գործում: Ու հոգ չէ, որ հետևանքը մարդկային խեղված ճակատագիր է` մահապատժի դատավճռով: 16 տարի առաջ մեկ ցուցմունքը, այն էլ 4 անգամ փոփոխված, բավարար եղավ ինձ` 20-ամյա ուսանողիս, գնդակահարության դատապարտելու համար: Հիմա, Վճռաբեկ դատարանի պարոնայք արդարադատներ, ասացեք խնդրեմ, քանի՞ ապացույց է պետք, որ բավարար համարվի` երկուսը երեքը, տասը… ո՞րն է հիմնավոր. գործով մյուս մեղադրյալի բազմաթիվ ցուցմունքներից մեկը, թե՞ քննչական գործողությունների և դատակենսաբանական փորձաքննության ապացուցված կեղծիքները: Նույնպիսի ջանասիրությամբ հապա ինչո՞ւ 16 տարի առաջ չասվեց` ախր մեկ անձի` 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվող ցուցմունքով ինչպես մարդուն դատապարտենք խստագույն պատժի: Ինչո՞ւ գործը չուղարկվեց լրացուցիչ քննության, ինչո՞ւ չկատարվեց դատահոգեբանական համալիր փորձաքննություն, ինչո՞ւ դատակենսաբանական փորձաքննության մեջ թույլ տրվեց կեղծիք, ինչո՞ւ քննչական գործողությունները առաջին իսկ ժամերից կատարվեցին խախտումներով: Ինչուները շատ են, դեդեկտիվախառը իրապատում հեքիաթի նմանվող 3 հատորանոց քրեական գործով ընդամենը 3 ամսում կատարված քննությամբ ինչուների պատասխանները չեն տրվել մինչ օրս: Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ով ողբերգական վախճան ունեցավ, մի օր այցելեց Նուբարաշենի կլոր գերեզմանոց ու ինձ ասաց. «Քո գործը դեռ այն ժամանակ ինձ հետաքրքրեց, անպայման վերաբացվելու է»: Իսկ հետո` 2005 թ-ին այն ժամանակ ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը այցելեց Նուբարաշենի գերեզմանոց և բառացի ասաց. «Հանգիստ տեղդ նստի ու մոռացի գործիդ վերաբացման մասին, թե չէ ընտանիքիդ վնաս կտամ»: Ինչքան կարելի է սպառնալ, նույնն էլ քննիչն էր անում 96 –ին: Ո՞վ է կանգնած սրա հետևում, միգուցե փաստեր կան, որոնք ես էլ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր լռեցնում են արդարադատության ձայնը: Ո՞վ է խանգարում գործի վերաբացմանն ու ճշնարտության բացահայտմանը հիմա: Ո՞ւմ է ձեռնտու թե այն ժամանակ, թե մինչ օրս ճշմարտությունը թաքցնել հասարակությունից` անկատար, հապշտապ, կեղծիքներով քննություն կատարելով: Ես մարդ չեմ սպանել, ու վաղ թե ուշ այս Գորդյան հանգույցը կքանդվի: Հարգելի Աղվան Հովսեփյան, 16 տարի շարունակ Դատախազությունը պնդում էր, որ գործի վերաբացման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ` վկայակոչելով հենց 426 հոդվածը: Դեպքից 16 տարի անց դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Արդարությանը հասնելու բոլոր ճանապարհները Հայաստանում տանում են փակուղի, ամենուր անտարբերության պատ է: Ու ես բնավ չեմ հավատում արդարադատությանը մեր երկրում, օրենքը մտրակ է դարձել անպաշտպաններին պատժելու համար, ու ես դարձյալ ու դարձյալ հիշում եմ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության դեպքն ու էքս-նախագահի անպատիժ մնացած ախրաննիկին: Հարգելի փաստաբաններ, Վճռաբեկ դատարանը Ձեր ակցիայի կապակցությամբ ասում էր` կոնկրետ գործ մատնացույց արեք: Հեռու չգնանք: Ստացվում է, որ 90-ականների ամենաթողության տարիները մեր օրերում շարունակվում են, իսկ հանրապետության նախագահի մոտ դատաիրավական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պուպուշ- պուպուշ խոսում են արդարության բարձր իդեաներից: Մինչդեռ հենց նման գործերն են փորձաքար, որոնք պահանջում են գործնական քայլեր` ուղղելու դատական սխալը: Հարգելի նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես երկրում արդարադատության իրականացման երաշխավորի, խնդրում եմ գործի վերաբացման հնարավորություն տալ` արդար դատաքննության բոլոր նորմերին համապատասխան: Այս նախադասությունը գրում եմ տարիներ շարունակ, բայց… ձայն բարբառո անապատի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |