Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են

Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունիսի 26-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրին «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից` այն նպատակ ուներ երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետևանքների մասին։

Ինչպես նշեց ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ամբողջ աշխարհում թմրամոլությունն արդիական խնդիր է. տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը։ «Վերջին 10 տարիների ընթացքում թմրանյութ օգտագործողների թիվն աշխարհում 180 միլիոնից հասել է 210 միլիոնի, ինչը մտահոգիչ է։ Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը, համեմատած այլ երկրների հետ, այդքան մեծ չէ, սակայն մեզ մոտ էլ առկա է թմրամոլների աճի միտում, և նման ակցիաները նպատակ ունեն իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդներին, թմրանյութերի կործանարար ազդեցության մասին, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։

Նա նաև մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Շատ հաճախ ինֆորմացիայի բացակայությունն է, որ երիտասարդներին մղում է դեպի թմրամիջոցները։ Կարեն Ավագյանն ընդգծեց նաև, որ այս չարիքի դեմ հնարավոր է լիարժեք պայքարել միայն ամբողջ հասարակության ուժերը համախմբելով։ Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով. «Դորիանս» խումբն իր ռոքային կատարումներով քարոզում էր զերծ մնալ թմրամիջոցներից։ Ըստ «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանի՝ իր համար ավելի լավ թմրանյութ, քան երաժշտությունն է, գոյություն չունի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---