ՀԲ-ն 12 մլն դոլար է հատկացրել Հայաստանին հարկային վարչարարության բարելավման համար 4 հուլիսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ Հայաստանի Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (ՀՎԱԾ) համար: Ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու իր բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա: Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ եկամտային կատարողականի կատարելագործման համար պահանջվում են թե' հարկային վարչարարության և թե' հարկային քաղաքականության բարելավումներ և հանձն է առել իրականացնել հարկային վարչարարության համապարփակ բարեփոխումներ: Հարկային քաղաքականության բարեփոխումներն ուղղորդելու նպատակով կառավարությունը հրապարակել է ռազմավարական փաստաթուղթ՝ ուրվագծելով հարկային քաղաքականության միջնաժամակետ՝ 2012-2014 թթ. քաղաքականության միջոցառումները: «Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես ԱՄՀ-ի, ՄՖԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Համաշխարհային բանկի օժանդակությամբ, արդեն իրականացրել է իր եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր,- ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: - Հիմնվելով նշված ջանքերի վրա՝ սույն ծրագիրն ապահովում է Հայաստանում եկամուտների վարչարարության համակողմանի արդիականացմանն օժանդակելու շրջանակն ու ֆինանսավորումը: Սույն գործառնությունն առանցքային է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթում և կենտրոնանում է ներքին տնտեսության մրցունակությունը բարձրացնելու վրա»: Վերջին տնտեսական անկման պայմաններում ՊԵԿ-ը պահպանել է եկամուտների հավաքման մակարդակը: Սակայն Հայաստանում շուրջ 16.3 տոկոս կազմող հարկեր-ՀՆԱ (առանց սոցիալական վճարների) հարաբերակցությունը շարունակում է ցածր մնալ` եկամտի մակարդակի համեմատ: Հիմնական հանրային ծառայություններում և ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, Կառավարության՝ աղքատության նվազեցման և տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու և մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար: Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը և հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաև կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը: Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի և մյուս մարմինների միջև տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը և հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը և օպերատիվությունը բարելավելու և էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ և ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը և էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթևացնելու նպատակով: «Սույն գործառնությամբ էական ներդրումներ են կատարվելու ՊԵԿ-ի հիմնական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքում, - ասել է Սեբաստիան Էքարդը՝ Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը: - Տեղեկատվական տեխնոլոգիաների օժանդակության բարելավումը հարկային վարչարարության բարեփոխումների հետագա փուլի իրականացումը և ՊԵԿ-ի կատարողականի բարելավումը հնարավոր դարձնող կարևոր գործոն է»: Ծրագրի կայուն իրականացումն ապահովելու համար այն վերահսկվելու է նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի, ֆինանսների նախարարի և ՊԵԿ-ի նախագահի բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, որը կկայացնի առանցքային ռազմավարական որոշումներ և կկատարի ծրագրի իրականացման ընդհանուր ընթացքի մշտադիտարկում: Ծրագիրը կիրականացվի ՊԵԿ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի և զարգացման մյսւս գործընկերների ռազմավարական գործընկերությամբ: Զգալի հավելյալ տեխնիկական աջակցությունը կֆինանսավորվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ «Հարկային բարեփոխումների» ծրագրի շրջանակում: Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կգործեն սերտ համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր գումարը 15.1 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 3.1 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է, այդ թվում 5 տարին՝ արտոնյալ: 1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառությունները կազմում են 1, 624 միլիոն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |