Հայաստանը մասնակցել է Եվրոպական աստղագիտական ընկերության Հռոմում կայացած համագումարին 8 հուլիսի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-6-ին Հռոմում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) XXI համագումարը, որն ավանդաբար անցկացվում է Եվրոպական երկրներից որևէ մեկի ազգային աստղագիտական ընկերության, այս դեպքում` իտալականի, հետ համատեղ: Այս համագումարները ներկայումս կրում են «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (EWASS – European Week of Astronomy and Space Science) խորագիրը: Համագումարին մասնակցեցին աստղագետներ գործնականում բոլոր եվրոպական և մի շարք այլ երկրներից, եվրոպական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, ընդհանուր առմամբ 600-ից ավելի մարդ: Բուն համագումարից բացի, աստղագիտության եվրոպական շաբաթը, ինչպես միշտ, ուներ բավականին ընդարձակ ծրագիր` 11 պլենար զեկուցում, 10 գիտաժողով, 12 հատուկ նստաշրջան, ինչպես նաև տեղի ունեցան ԵԱԸ գործադիր խորհրդի երկու նիստ, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլ հատուկ հանդիպումներ: Լսվեցին և քննարկվեցին աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ, որոնք ընթանում էին զուգահեռ նստաշրջաններով` «Մոլեկուլային գազը հեռավոր գալակտիկաներում», «Տիեզերքի աստղաքիմիան», «Ծիր Կաթնի բազմալիքային պատկերը», «Աստղային բնակչությունները», «Գերնոր աստղերի դիտումները և տեսությունը», «Արեգակնային ֆիզիկա», «Գրավիտացիոն ոսպնյակների օգտագործումը հեռավոր գալակտիկաների ուսումնասիրության համար», «Փոխազդող գալակտիկաների ձևաբանությունը և կինեմատիկան», «Բարձր էներգիաների աստղաֆիզիկա», «Շիթերը կրկնակի սև խոռոչներում և ակտիվ գալակտիկական միջուկներում», «Ապագա աստղագիտական խոշոր գործիքները», «Աստղագիտական կրթությունը Եվրոպայում» և այլն: Տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ` շրջագայություններ Հռոմում, հանդիպումներ, հանդիսավոր ընդունելություն և ճաշկերույթ: Հայաստանից համագումարին մասնակցեց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը: Նա մասնակցեց ԵԱԸ համագումարի, ԵԱԸ գործադիր խորհրդի ընդլայնված նիստի և երեք գիտաժողովների աշխատանքներին, զեկուցումներ ներկայացրեց դրանցից երկուսում և մի շարք քննարկումներ ունեցավ միջազգային աստղագիտական կառույցների ներկայացուցիչների հետ, մասնավորապես նաև` աստղագիտական կրթության հարցերով: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխպրեզիդենտ Ջորջ Մայլիի և Աստղագիտության զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Քևին Գովենդերի հետ քննարկվեց Մերձավոր Արևելքում տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հավակնող Հայաստանի հայտը: Հուլիսի 6-ին Միքայելյանը նաև սեմինար անցկացրեց Հռոմի Սապիենցա համալսարանում` ներկայացնելով «Մարգարյանի գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրություններ վիրտուալ աստղադիտարանի գործիքներով» զեկուցումը: Հիշեցնենք, որ ԵԱԸ ստեղծվել է 1990թ. որպես եվրոպական երկրների աստղագիտությունը միավորող կազմակերպություն: Ներկայումս նրա կազմում կան 45 երկրների մոտ 870 գիտնականներ: Հայաստանից ԵԱԸ անդամ է հանդիսանում 24 աստղագետ, իսկ ՀԱԸ ԵԱԸ 24 պաշտոնական ընկերություններից մեկն է: ԵԱԸ համագումարներից մեկը (2007թ., http://www.aras.am/Jenam2007/index.htm) անցկացվել է Հայաստանում, ինչը թերևս մեր երկրի պատմության մեջ խոշորագույն գիտական իրադարձությունն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, 2010-ին՝ Լիսաբոնում, իսկ 2011-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Արդեն հայտնի է, որ 2013թ. եվրոպական համագումարը կկայանա Ֆինլանդիայի պատմական մայրաքաղաք Տուրկուում, հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |