Շաբաթվա կարևորագույն իրադարձություններն էին «Տուրանդոտի» պրեմիերան և «Ոսկե ծիրանի» բացումը

Շաբաթվա կարևորագույն իրադարձություններն էին «Տուրանդոտի» պրեմիերան և «Ոսկե ծիրանի» բացումը

PanARMENIAN.Net - Ամռան շոգերի հետ կարծես ավելի հանգիստ շրջան է սկսվում շատ ու շատ ոլորտներում, սակայն, ինչպես միշտ, ամենաթեժ շրջանն է Հայաստանի մշակութային կյանքում:

Հուլիս ամիսը սկսվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի մարզային համերգներին: Սփյուռքից ժամանած խմբերը մեկնում են մարզեր, և գեղեցիկ համերգներ տալիս մարզի բնակիչների համար:

Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպեց Սուրեն Առուստամյանը, նա խոսեց «Նոր ալիք» մրցույթի, երգացանկի մասին: Առուստամյանը խոսք է տվել մրցույթում աչքի ընկնել իր ուրույն ոճով և «Ով սիրուն, սիրուն» երգի նոր մեկնաբանությամբ: Հուլիսի 3-ին և 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացվեց Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարումը: Հիշեցնենք, որ այն երբևէ չէր կատարվել Հայաստանում: Կալաֆին մարմնավորելու համար Հարավային Կորեայից հատուկ Հայաստան էր ժամանել տենոր Էնրիկո Լին, ով իր գեղեցիկ վոկալով հուզեց բոլոր ներկաներին: Դասական երաժշտության սիրահարների համար իսկական անակնկալ եղավ, երբ բեմ դուրս եկավ հեռուստասերիալներից հայտնի Ռիչարդ Մադլենյանը: Նա մասնագիտությամբ օպերային երգիչ է, և մարդիկ ծանոթացան նրա բաս ձայնին:

Համերգային կատարման ժամանակ երգիչների մեծ մասը կրում էին գեղեցիկ երեկոյան զգեստներ: Հանդիսատեսին անակնկալի բերեցին օպերայում Պինգի, Պանգի և Պոնգի հերոսներին մարմնավորող երգիչները, երբ չինական հագուստներով և ժեստերով բեմ դուրս եկան: Երկու համերգներն էլ անցան լեփ-լեցուն դահլիճում և բուռն ծափահարություններով: Համերգից հետո բոլորը միակարծիք էին. այն պետք է ներկայացնել ներկայացման տարբերակով:

«Տուրանդոտի» պրեմիերան Հայաստանում վստահ կարելի է անվանել շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկը:

Շաբաթը եզրափակվեց «Ոսկե ծիրան» թվով 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությամբ: Այս անգամ փառատոնի կազմակերպիչները որոշեցին ավելի օրիգինալ գտնվել, և բացել հայկական դասական ֆիլմերից մեկով` «Շոր և Շորշոր»-ով: Այն շատ ջերմ ընդունվեց ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի հյուրերի կողմից: Ֆիլմին նոր շունչ հաղորդեց Վահագն Հայրապետյանը: Նա հայկական ազգային մեղեդիները վերամշակեց, և ժողովրդական և ժամանակակից գործիքների համադրությամբ նրա երաժշտությունն ուղեկցեց հայ հանդիսատեսին ֆիլմի ողջ ընթացքում:

Փառատոնը կտևի ուղիղ մեկ շաբաթ, և մենք կներկայացնենք փառատոնի առավել հետաքրքիր պահերը:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---