Էջմիածնում քննարկվել են կրոնական տուրիզմի հարցեր

Էջմիածնում քննարկվել են կրոնական տուրիզմի հարցեր

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում հուլիսի 10-ին տեղի է ունեցել քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկմանը Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` կարևորել է նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու:

Նա ներկայացրել է նաև այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները և զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային և հոգևոր արժեքներին:

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռին` տուրիզմի կարևորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաև ավելի են ամրապնդում Մայր Աթոռի և այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը:

Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրն իր խոսքում համառոտ անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հոգևոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների և օտարերկրացի ճանապարհորդների:

Քննարկումն ամփոփել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա քննարկումը նկատել է որպես Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարևոր և առաջընթաց քայլ, իր խոսքում անդրադառնալով նաև ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովման անհրաժեշտությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---