Աշխատանք փնտրող երիտասարդների համար երկօրյա դասընթաց է կազմակերպվել

Աշխատանք փնտրող երիտասարդների համար  երկօրյա դասընթաց է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր սկսվել է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա դասընթացը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, դասընթացն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը։

Դասընթացին մասնակցում է աշխատանք փնտրող և բուհերի բարձր կուրսերում սովորող շուրջ 30 երիտասարդներ, որոնց մասնագետները կծանոթացնեն աշխատանք փնտրելիս CV գրելու, հայտադիմում լրացնելու նրբություններին և գործատուի մոտ հարցազրույցի ճիշտ ներկայանալու կանոններին։

Սեմինարների շրջանակներում երիտասարդների հետ հանդիպում կունենան ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատակիցները կծանոթացնեն աշխատանք փնտրելու ուղիներին։ Հայաստանում գործող մի շարք խոշոր կազմակերպությունների HR մասնագետները կներկայացնեն իրենց մոտ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները»,- նշում է «Երիտասարդներ հանուն ապագայի» Հկ-ի նախագահ Գոռ Նազարյանը։

Դասընթացի մասնակիցների համար կկազմակերպվի նաև ցուցահանդես. համապատասխան տաղավարներում 12 կազմակերպություն կներկայանա թափուր աշխատատեղերով, և երիտասարդներն անմիջապես կկարողանան շփվել գործատուների հետ։

Սեմինարի ընթացքում AIESEC ուսանողական կազմակերպության և Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության անդամները երիտասարդներին կներկայացնեն նաև կամավորության դերը և հնարավորությունները հաջող կարիերայի ձևավորման գործում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---