ԵՄ-ն Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքումը կապում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ

ԵՄ-ն Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքումը կապում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ

PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 20-ին Երևանում սեմինար էր կազմակերպել՝ նվիրված ԵՄ և Հայաստանի միջև խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցային գործընթացի մարտահրավերներին և հնարավորություններին:

«Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է ազատականացնել առևտրի ռեժիմը իր բոլոր առևտրային գործընկերների հետ»,-հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին երկիրը շարժվում է այդ ուղղությամբ իր խոշոր առևտրատնտեսական ու ներդրումային գործընկերների հետ՝ ԱՊՀ երկրների ու ԵՄ երկրների հետ: Նրա խոսքով, զգալի առաջընթաց է նկատվում ԱՊՀ երկրների գծով՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի շրջանակում:

Բանակցությունների առաջին փուլն անցել է հունիսի 19-20-ը Բրյուսելում՝ մայիսյան զրոյական փուլից հետո:

Տիգրան Դավթյանը հայտնել է նաև, որ 2012թ. տեղի կունենան բանակցությունների ևս երկու փուլ՝ Երևանում և Բրյուսելում: «Գտնում ենք, որ կարճ ժամանակահատվածում այս բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, և առաջիկա տարիներին Հայաստանը կկարողանա ազատ ռեժիմ ունենալ երկու խոշորոագույն տնտեսական համակարգերի հետ»,-ասել է նա:

Իր հերթին ԵՄ ներկայացուցիչ Օննո Սիմոնսն ասաց, որ պայմանագրի կնքման ժամկետը կապված է նրանից, թե որքան հաջող կընթանան բարեփոխումները Հայաստանում սննդամթերքի անվտանգության և ֆիտոսանիտարիայի ոլորտներում: Ավելին, Ազատ առևտրի մասին պայմանագրի կնքման ճանապարհին ԵՄ-ն կարևորում է պայքարը կոռուպցիայի դեմ, որտեղ անելիքները դեռ շատ են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---