Հայաստանի քաղաքացուն Մինսկի օդանավակայանում են պահում` թույլ չտալով մուտք գործել Բելոռուսիա

Հայաստանի քաղաքացուն Մինսկի օդանավակայանում են պահում` թույլ չտալով մուտք գործել Բելոռուսիա

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Ահարոն Շահինյանին, որը հուլիսի 26-ին մեկնել էր Երևան-Մինսկ չվերթով, թույլ չեն տվել մուտք գործել Բելոռուսիա` պատճառաբանելով, թե նա գտնվում է Ռուսաստանի կողմից բելոռուսական կողմին տրամադրված սև ցուցակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ահարոն Շահինյանի որդին` Արմենը` հավելելով, որ բացի հորից, Բելոռուսիա չեն թույլատրել մուտք գործել նաև ևս մի քանի հոգու:

Նրա խոսքով` այժմ իր հայրը օդանավակայանի տարածքում է, որտեղ սպասում է բելոռուս սահմանապահների կողմից Հայաստան ուղարկված հարցման արդյունքներին: Նա հավելել է, որ արդեն մեկ օրից ավելի Մինսկի օդանավակայանում գտնվող իր հորը սնունդ չի տրամադրվել:

Արմեն Շահինյանը հաղորդել է, որ Հայաստանի ԱԳՆ է դիմել, որտեղ իրեն ասել են, որ անհրաժեշտ է բելոռուսական կողմի գրավոր բացատրություն, թե ինչու իր հորը չի թույլատրվում մուտք գործել Բելոռուսիայի տարածք, որից հետո մեր ԱԳՆ-ը կկարողանա այդ հարցով դիմել բելոռուսական կողմին:

Ինչ վերաբերում է Հայրենիք վերադառնալուն, ապա, Արմեն Շահինյանի խոսքով, բելոռուսական կողմը հրաժարվում է վերադարձնել հորը պետության հաշվին, այլ առաջարկում է վերադառնալ սեփական միջոցներով: «Դրա հետ մեկտեղ մոտակա չվերթը տեղի կունենա միայն այս կիրակի»,- նշել է նա:

Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ այդ խնդրի լուծման համար ավելի լավ կլինի, եթե քաղաքացին դիմի Բելոռուսիայում Հայաստանի դեսպանություն: Հարկ է նաև նշել, որ PanARMENIAN.Net ին չհաջողվեց կապ հաստատել Մինսկում ՀՀ դեսպանության հետ, որպեսզի պարզվի, թե ինչ օգնություն է մատուցվել Ահարոն Շահինյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---