Ստամբուլի «Վարդանանց» երգչախումբն ավարտեց իր հայաստանյան ելույթները

Ստամբուլի «Վարդանանց» երգչախումբն ավարտեց իր հայաստանյան ելույթները

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» կապակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, համերգին հնչեցին հայ մեծանուն դասականների և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, նշեց, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին` դրեց իր անմոռանալի կնիքը և բարձր պահեց պոլսահայության պատիվը: Նա պատմեց, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է և ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ, այսպիսի պատկառելի առաջնորդությամբ չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն և բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»:

Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար, և բարձր գնահատեց «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները: Այնուհետև նախարարը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---