Ալեքսան Զաքյան. Հայաստանում չկա տուրիստ ներգրավելու պետական քաղաքականություն

PanARMENIAN.Net - Հայաստանում չկա տուրիստ ներգրավելու պետական համակարգված քաղաքականություն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը: «Կա հյուրանոցների պակասի խնդիր, մենք չունենք սերվիզի մշակույթ, մատուցվող ծառայությունների մակարդակը չի համապատասխանում գանձվող գներին: Բացի այդ, երկիրն ունի արտասահմանում գովազդվելու, իր մասին աշխարհում տեղեկացնելու խնդիր: Եթե տուրիստը գաղափար չունի մեր երկրի գոյության, արժանիքների մասին, բնական է, որ այլ երկրներ կմեկնի շրջելու»,- ընդգծեց նա` հավելելով, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեծ մասամբ գերմանախոս երկրներից, Իտալիայից, Իսպանիայից և Ռուսաստանից են:

Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրենն ընդգծեց նաև, որ Հայաստանում տուրիզմի ոլորտում լուրջ վերլուծություն չկա: «Չկա տուրիզմի զարգացման վիճակագրություն, որպեսզի տուրօպերատորները կողմնորոշվեն ըստ դրա և կառուցեն իրենց ռազմավարությունը: Բայց պետք է նշեմ, որ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք, որը գործածելու համար անհրաժեշտ պայմաններն են պակասում»,- հավելեց նա:

«Հայ ազգային շոու» ծրագրի գեղարվեստական ղեկավար Վարդան Սարդարյանը, որը Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության անդամ է հանդիսանում, պատմեց իր շոուի մասին, որը, նրա խոսքով, աննախադեպ է: Այն տուրիստներին գրավելու համար է կազմվել և բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինում կատարվում են ժողովրդական երգեր և պարեր, դրանց միջոցով մատուցվում է հայ ժողովրդի պատմությունը` Նոյից մինչև մեր օրեր: Երկրորդ մասում ծրագրին ներկա ազգությունների հյուրերի հայտնի հիթերն են կատարվում, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից: Սարդարյանը նշեց, որ փակ միջոցառում է, բայց հնարավոր է, որ հետագայում այն կազմակերպվի նաև բացօթյա և ավելի լայն զանգվածների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---