«ԱՐՄԵՆԻԱ-ԼԱԴԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՌԱՖԱՅԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

PanARMENIAN.Net - «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանի սպանության փաստի առնչությամբ Տոլյատիի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Ռ.Շահմուրադյանի մարմինը` մի քանի հրազենային վերքերով հայտնաբերվել է անցյալ կիրակի Տոլյատիի մերձակայքում M-5 մայրուղու վրա: Ներկայումս փնտրվում են Շահմուրադյանի թիկնապահները, նրա ավտոմեքենան եւ կեյսը: Ինչպես տեղեկացրել են Տոլյատիի ՆԳՎ-ում, սպանված գործարարի մարմնի զննման ժամանակ միլիցիայի աշխատակիցները նրա բաճկոնի գրպանում գտել են 10 հազ. դոլար: Սակայն, ինչպես ավելի ուշ է հայտնի դարձել, գործարարի մոտից անհայտացել է կեյսը, որի մեջ եղել է 250 հազար դոլար: Չի հայտնաբերվել նաեւ մեքենան, որով «Արմենիա-Լադա» ընկերության տնօրենը մեկնել է Տոլյատի (այժմ ճշտվում է մեքենայի մակնիշը, ինչպես նաեւ կոմերսանտին ուղեկցող թիկնապահների թիվն ու գտնվելու վայրը): Հանցագործության վայրում իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է գտնել ատրճանակի մեկ պարկուճ (ենթադրվում է Մակարով մակնիշի ատրճանակից): Ձեռներեցի սպանության հնարավոր վարկածների առնչությամբ ՆԳՎ-ում ոչինչ չեն հայտնում: Քննիչները գտնում են, որ եթե «Արմենիա-Լադա» ընկերության տնօրենը որոշել էր մեքենաների հերթական խմբի համար կանխիկ վճարել, ամենայն հավանականությամբ նա ուղեւորվել է Տոլյատի թիկնապահների ուղեկցությամբ: Այդ պատճառով, ներկայումս ճշտվում է Շահմուրադյանի մեքենայի գտնվելու վայրը, ինչպես նաեւ նրան ուղեկցող մարդկանց ինքնությունը եւ գտնվելու վայրը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---