Այս տարվա դեկտեմբերին կլրանա Վիեն-Գորիս քույր քաղաքների բարեկամության 20-րդ տարին

PanARMENIAN.Net - Այս տարվա դեկտեմբերին կլրանա Վիեն-Գորիս քույր քաղաքների բարեկամության 20-րդ տարին: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՆԱՄ տնօրեն Նարեկ Հարությունյանը, այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վիենի Le CIEM նվագախումբն ու «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը արդեն համատեղ ելույթներ են ունեցել Գորիսում, Սիսիանում և Նարեկացի արվեստի միությունում: Նա հավելեց, որ համերգաշարը կազմակերպվել է նաև հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ և կեզրափակվի այսօր` ժամը 18:00 Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով:

«Ադաջո» երաժշտական-մշակութային ՀԿ նախագահ և համերգների կազմակերպիչ Կարինե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ քույր քաղաքների միջև մշակութային համագործակցությունը սկիզբ է առել 2004 թվականին և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի: Ինչպես նկատեց Le CIEM ֆրանսիական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն, նվագախմբի երաժիշտները 11-20 տարեկան 32 երեխաներ են, ովքեր իրենց համար նոր երկիր ու մշակույթ բացահայտեցին այս համերգների արդյունքում: «Նարեկացի» ժողնվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը հավելեց, որ երաժշտությունն առանց լեզվի իմացության հաղորդակցվելու լավագույն միջոցն է: Նա նշեց, որ ֆրանսիացի երաժիշտներն իսկապես սիրեցին մինչ այդ անծանոթ հայկական ժողովրդական երաժշտությունը և անգամ երաժշտական գործիքներ են գնել, որպեսզի սովորեն նվագել:

Վերջում Վիենի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանը հաղորդեց, որ Վիեն-Գորիս քույր քաղաքների բարեկամության 20-ամյակի առթիվ տոնական միջոցառումներ են ծրագրված այս տարվա հոկտեմբերի 29-ից դեկտեմբերի 13:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---