29 օգոստոսի 2012 - 14:47 AMT
ԷՀԴ-ն առաջարկում է «Սոթքի ոսկու բացահանք»-ի ջարդիչ- տեսակավորման տեղամասի կառուցումը համարել անօրինական

Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`«GeoProMining Gold» ՍՊԸ- -ի «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ում տեղ գտած ջարդիչ- տեսակավորման տեղամասի վերաբերյալ: Նամակում ասված է. «Սոթք գյուղում անցկացվեցին «GeoProMining Gold» ՍՊԸ-ի ներկայացրած եւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ հասարակական լսումներ: ՇՄԱԳ-ում ներառված է ջարդիչ - տեսակավորման տեղամասի հատվածը, որն արդեն իսկ կառուցված է առանց նախագծային փաստաթղթերի առկայության, առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության, առանց համայնքի համաձայնության, որը 2011թ. ապրիլին գրավոր անհամաձայնություն հայտնեց համայնքի վարչական սահմանում ջարդիչ- տեսակավորման տեղամասի տեղադրման կապակցությամբ, առանց հողերի օտարման համար թույլտվության: Ջարդիչ-տեսակավորման տեղամասը վերամշակող արտադրության մաս է, այլ ոչ` հանքաքարի արդյունահանման, ինչպես դա պնդում է «GeoProMining Gold» ընկերությունը: Հետեւաբար վերամշակող արտադրության տեղադրումը Սոթքում, հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին` հոդված 10, քանի որ սպառնում է Սեւանա լճի էկոհամակարգին: Ջարդիչ - տեսակավորման տեղամասի աշխատանքի հետեւանքով 2011-2012թթ. ընթացքում մանրացված դատարկ ապարների քանակը, որոնք պարունակում են ծանր մետաղներ եւ տոքսիկ միացություններ` մկնդեղ, վանադիում, ծարիր եւ այլն, զգալիորեն աճել է: Այդ թափոնները լցված են Սոթք գյուղի վարչական տարածքում, Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ ճանապարհի երկարությամբ»: Հաշվի առնելով այս սա, Էկոլոգիական հասարակական դաշինքը առաջարկում է ջարդիչ - տեսակավորման տեղամասի հատվածն առանձնացնել առանձին նախագծով, որը պետք է նորից անցնի բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացի բոլոր փուլերը: Ջարդիչ տեսակավորման տեղամասի կառուցումն ու գործունեությունը ճանաչել անօրինական, քանի որ դա ոչ թե նախատեսվող, այլ առանց թույլատրող փաստաթղթերի իրականացված գործունեություն է, ինչը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքին, որպես վերմշակող արտադրություն այն հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին Ջարդիչ - տեսակավորման տեղամասի կառուցման եւ գործունեության վերաբերյալ տեսչական ստուգումներ անցկացնել, որոշել հողի եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի վրա մանրացված արտադրական թափոնների ազդեցության չափը, խախտումների մասին ակտ կազմել, Ակտի համաձայն` «GeoProMining Gold» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: