Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային խորհրդի տարեկան գիտաժողովը

Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային խորհրդի տարեկան գիտաժողովը

PanARMENIAN.Net - 2012թ. հոկտեմբերի 20-ից 25-ը Երևանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, կանցկացվի Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը: «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող խնդիրներ: Գիտաժողովի շրջանակներում հայ մասնագետների համար կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները:

Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան), այնպես էլ Հայաստանից: Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև ԻԿՕՄ–ի նախագահ Հանս Մարտին Հինզը:

Գիտաժողովի համար ստեղծվել է առանձին կայք` ceca12.icom-armenia.org, որի միջոցով տարածվում է տեղեկատվությունն ու իրականացվում մասնակիցների գրանցումը: Արդեն 30 երկրների 50 թանգարաններից գրանցվել է շուրջ 70 պատվիրակ, որոնց թիվն օր օրի ավելանում է:

Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում: Գիտաժողովը նաև հեռարձակվելու է online ռեժիմով, որը հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցելու թանգարանային մշակույթին նվիրված միջոցառմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---