Քաղաքական գիտության ասոցիացիան դիմում է հղել միջազգային տարբեր կառույցներին

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու, Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում և արտահերթ զինվորական կոչում շնորհելու կապակցությամբ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան` ի դեմս ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի, «Այլևս երբեք նոր Եղեռն. հակաժողովրդավար Ալիևը` ցեղասպանության ջատագով» վերնագրով դիմում է հղել ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրամիության, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և Արաբական պետությունների լիգայի առաջնորդներին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նշում է, որ քնած հայ սպայի` էթնիկական հողի վրա կատարված սպանությունը ցեղասպանական գործողություն է, որը լիովին համապատասխանում է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությանը` 1905-1920 թթ. Բաքվում և Շուշիում, ինչպես նաև 1988 – 1994 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում իրականացված հայերի կոտորածների ավանդական տրամաբանությանը: Սաֆարովին անօրինական ներման շնորհումը սկզբունքրեն հակասում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման և նրա համար պատժման մասին» Կոնվենցիային: Մարդու իրավունքներից հիմնաքարային` կյանքի իրավունքի տվյալ ցինիկ և ցուցադրական ոտնահարումը մարդասպանի հերոսացմամբ ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևների ժառանգական վարչակարգի քամահրական վերաբերմունքն անհատի իրավունքների և մարդու կոլեկտիվ իրավունքների` հանձինս ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հանդեպ, ինչի ապացույցն է 1991 թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում կայացած օրինապատշաճ հանրաքվեի արդյունքների չճանաչումը:

Ալիևների վարչակարգի կողմից մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքների` Եղեռնի կրկնման վտանգով սպառնացող չճանաչման նման քաղաքականությունը անհրաժեշտ է դարձնում հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանական գործողությունների կանխման օրինական միջոցների ձեռնարկումը: Այս նպատակով Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ՀՀ և ԼՂՀ ղեկավարներին և խորհրդարանների նախագահներին առաջարկում է քննարկել 2010 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ Օրենքի մեջ արված լրացումների հիման վրա «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական և ֆինանսատնտեսական ոլորտներում համագործակցության մասին» պայմանագրի կնքման նպատակահարմարությունը:

Ասոցիացիան ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի բոլոր ազգային ուժերին կոչ է անում Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ սերտորեն համախմբվելու «Այլևս երբեք նոր Եղեռն» անվերապահ անվտանգային հրամայականի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---