Կստեղծվի հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով

Կստեղծվի հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: «Համոզված եմ, որ Ձեր այցը լուրջ խթան կհանդիսանա մեր երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների զարգացման գործում: Իրաքի և Հայաստանի միջև գոյություն ունի հարաբերությունների ամրապնդման մեծ ներուժ և երկու երկրների կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ներուժն իրացնելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ Հայաստանը շահագրգռված է դրանում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռաուշ Նուրի Շաուեյսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի ջերմ ողջույնները: Իրաքի փոխվարչապետն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Այդ նպատակով առաջին քայլերից մեկը Երևանում Իրաքի դեսպանատան վերաբացումն է լինելու»,- նշել է Ռաուշ Նուրի Շաուեյսը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան հարաբերություններին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, արդարադատության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հեռանկարային է համարվել հայկական արտադրատեսակների, մասնավորապես, գյուղմթերքների, հանքային և խմելու ջրերի, բնական հյութերի և պահածոների արտահանումն Իրաք: Այդ առումով կարևորվել է հայ և իրաքցի գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը և տեղեկատվության փոխանակումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով, որը կձևավորի երկկողմ համագործակցության ուղղություններն ու կնպաստի համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---