Գարեգին Նժդեհի ազգականուհին 3 ամիս է՝ նստած է նախագահականի դիմաց

Գարեգին Նժդեհի ազգականուհին 3 ամիս է՝ նստած է  նախագահականի դիմաց

PanARMENIAN.Net - Արդեն 4-րդ օրն է ՀՀ նախագահական նստավայրի դիմացի մայթին հացադուլ է հայտարարել 74-ամյա Էմմա Սահակյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հացադուլի մասին տեղյակ է պահել քաղաքապետարանին և նրան ամեն օր այլցելում են շտապօգնության աշխատակիցները:

Էմմա Սահակյանը մինչև 2009 թվականը բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում` քրոջ տանը: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, ըստ նրա, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին, առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու հանել նրան գրանցումից և բնակարանից գողացել նրա ողջ ունեցվածքն ու փաստաթղթերը:

2009թ-ից Սահակյանը հայտնվել է փողոցում. «3 տարի շարունակ բնակվել եմ ազգականներիս և բարեկամներիս տանը, սակայն այլևս չէի կարող այդպես ու որոշեցի կտրուկ քայլերի դիմել»,- նշեց նա:

82 օր նախագահական նստավայրի առջև տևած անարձագանք նստացույցից հետո, Էմմա Սահակյանը որոշել է հացադուլ անել: Նա դիմել է բոլոր իրավասու մարմիններին, սակայն որևէ արդյունք չի եղել, միշտ նույն պատասխանն է ստացել. «Երբ տեսա, որ խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում , որոշեցի գալ նախագահականի առջև նստացույց անել, միայն դրա միջոցով են խնդիրները լուծվում»: Ի դեպ, Սահակյանը 11 դիմում է ուղարկել նախագահին, որոնք ոչ մի արդյունք չեն տվել. «Դրանցից 3-ն ուղարկվել են քաղաքապետարան, սակայն դրանից էլ արդյունք չեղավ, 3 տարի է պատասխանում են, որ ազատ բնակարան չկա»:

Էմմա Սահակյանը նշում է, որ իրեն ամեն կերպ ուզում են հոգեպես ճնշել և դրա համար տարբեր միջոցներ են կիառել, հիմա էլ արգելել են Մետրոպալիտենի աշխատակիցներին շփվել նրա հետ և որևէ կերպ աջակցել նրան. «Այն ժամանակ կարողանում էի հեռախոս տալ մարտկոցը լիցքավորելու նրանց մոտ, սակայն ասացին, որ սպառնացել են նույնիսկ աշխատանքից հեռացնել»:

Էմմա Սահակյանն ասում է, որ ինքը Գարեգին Նժդեհի ազգականուհին է. «Ոչ մի կերպ չէի ուզում շահարկել հորեղբորս ազգանունը, ուղղակի որ տեսա ոչինչ չի օգնում ասացի այդ մասին: Լրագրողներից մեկն էլ խորհուրդ տվեց պաստառ պատրաստել և գրել , որ Նժդեհի ազգականն եմ, սակայն դա էլ չօգնեց»:

«Ես պայքարելու եմ մինչև վերջ, մինչև սովամահ լինելս, բայց անարդարության զոհ չեմ դառնա», -ասում է 74-ամյա կինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---