Քաղաքապետ. Մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չեն լինի անբարեկարգ բակեր

Քաղաքապետ. Մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չեն  լինի անբարեկարգ բակեր

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ հանդիսավորությամբ բացել է Շողակաթի զբոսայգին: Այս ամսին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար: Զբոսայգին նաև ձևավորվել է ծաղկային կոմպոզիցիաներով ու գեղեցիկ արձանիկներով: Բացի այդ, տեղադրվել են նստարաններ և կառուցվել բաց և փակ զրուցարաններ: Զբոսայգու համալիր բարեկարգման շրջանակում հիմնանորոգվել և գործարկվել է նաև շատրվանը:

Լրագրողների հարցերին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ բակային տարածքների, այգիների և պուրակների բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական: «Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի և ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում արդեն հասցրել ենք մեր բնակիչների տնօրինմանը հանձնել Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջանների համանման կենտրոնները: Այսօր էլ հանձնեցինք Շենգավիթինը: Հաջորդը կլինի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները և մոտ մեկ ամսից այն ևս կհանձնենք շահագործման», - նշել է Տարոն Մարգարյանը:

Մասնավոր հատվածին այս աշխատանքներում ներգրավելու հարցին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես բաց և պատրաստակամ է քննարկելու և ընթացք տալու մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների մասնակցության առաջարկներին: «Մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործարարներին մասնակցություն ունենալ ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման գործում: Ի պատիվ նրանց, նաև հարկ է նշել, որ արդեն որոշ վարչական շրջաններում նրանք լուրջ մասնակցություն են ունենում տարածքների բարեկարգման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև զբոսայգու հարակից տարածքում տեղակայված «Փրկություն» հաշմանդամ երեխաների հ/կ, որի շենքը ավագանու վերջերս կայացրած որոշմամբ կազմակերպությանն է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախորդ շրջայցի ժամանակ իրենց կողմից բարձրացված այդ խնդրանքին արագ լուծում տալու համար, կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը նաև հավելել է, որ դրան զուգահեռ կարգավորվել է նաև կենտրոնի շենքում թեքահարթակների ներկառուցման խնդիրը: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները մշտապես կլինեն քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Շարունակելով շրջայցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Արշակունյաց 135 և Մայիսի 9-ի 51 շենքերի բակեր: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև վերոնշյալ հասցեների բակային տարածքները, որոնք կահավորվել են խաղային ատրակցիոններով ու զրուցարաններով: Վերջին բակում կառուցվել է նաև ֆուտբոլի մինի դաշտ:

Լսելով բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական` վստահեցնելով, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չեն լինի անբարեկարգ բակեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---