8 սեպտեմբերի 2012 - 10:13 AMT
«Հայկական ժամանակ». Երթուղիների համար «մրցույթ» է անցկացվել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այն, ինչ կատարվում է Երևանի երթուղային ցանցում, լավագույնս ցույց է տալիս, թե ինչ ասել է քվոտավորված բիզնես, որտեղ ոչ մրցակցություն կա, ոչ որակ, ոչ զարգացման հեռանկար:

Նոր ցանցի հաստատումից հետո, ընդհանուր առմամբ, 76 միկրոավտոբուսային երթուղիներից 56-ում արդեն իսկ «մրցույթ» է անցկացվել, և 46-ում «հաղթել» են այն նույն ընկերությունները, որոնք մինչ այդ սպասարկում էին այդ երթուղիները, ընդ որում՝ նրանցից և ոչ մեկը մրցակից չի ունեցել: 10 երթուղիներում նույնպես մասնակցել են միայն նախկին սպասարկողները, բայց չեն հաղթել ու շարունակելու են սպասարկել՝ մինչև հենց իրենք էլ հաղթող հռչակվեն: Մտածել, թե երթուղային գիծը եկամտաբեր չէ, այդ պատճառով ուրիշները չեն մասնակցում, միամտություն է:

Թերթն հիշեցնում է, թե ինչպես էին իրար ժամանակին «մորթում» նույն գծին հավակնողները, ապա հավելում, որ երթուղային գծերի մեծ մասը վերահսկում են կամ օլիգարխները, կամ պաշտոնյաները: Եթե մի բիզնեսում եկամուտ չլիներ, «մարշրուտնու գիծը» այդքան երանելի բիզնես չէր դառնա: Պարզապես բոլոր գծատերերն արդեն որոշված են վերևից սահմանված քվոտայով: