ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում դիտարկվում է ՀՆԱ-ի տարեկան միջինը 11,7 տոկոս աճ: ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը ձեւավորվում է փոքր եւ միջին բիզնեսի կողմից, «դա բազմահազար ձեռներեց եւ եռանդուն մարդիկ են»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրյուցում: Նրա խոսքերով, երկրում գրանցված են 50 հազար տնտեսվարող սուբյեկտներ, նրանցից աշխատում եւ հարկեր են մուծում ավելի քան 34 հազարը: Միայն 2004 թվականին գրանցվել են ավելի քան 1,5 հազար նոր ֆիրմաներ,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես նշել է ՀՀ ղեկավարը, շնորհիվ տնտեսության աճի բարձր տեմպերի, Հայաստանում տարեկան ստեղծվում են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր: «Այսօր մի շարք մասնագիտությունների գծով մենք ունենք որակավորում ունեցող աշխատողների մեծ պակաս: Սուր է դրված պրոֆտեխկրթության վերականգնման հարցը: Մենք չենք հասցնում տնտեսության զարգացմանը մի շարք ուղղությունների գծով»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Բացի այդ նախագահը նշել է, որ այսօր ՀՆԱ-ի ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների մասը կազմում է 1,7 տոկոս: «Լավագույն ցուցանիշը Իռլանդիայում է` 8 տոկոս: Որին էլ մենք ձգտում ենք»,-ավելացրել է Ռ.Քոչարյանը: Պատասխանելով այն հարցին, թե երկաթուղային ուղիների անցկացման շատ նախագծեր շրջանցում են Հայաստանը` ՀՀ նախագահը նշել է, որ «դեռեւս ոչ մի երկաթուղային նախագիծ մեզ չի շրջանցել»: «Քննարկվում է հնարավոր շինարարությունը մի շարք նախագծերով: Սակայն խոսքը գնում է քննարկման մասին եւ նախագծերի, որոնք հսկայական ծախսեր են պահանջում: Գործող երկաթուղային ուղիները կապված են Հայաստանի հետ եւ չեն պահանջում խոշոր կապիտալ ծախսեր: Դրանք սառեցված են քաղաքական պատճառներով եւ ցանկացած պահի կարող են իրականում աշխատել: Դա անհերքելի առավելություն է ցանկացած նախագծի հաշվարկներում: Հայկականից բացի, այլ երակթուղային ուղի «Հյուսիս-Հարավ» միջանցքով ուղղակի չկա: Այդ պատճառով էլ ակտիվացել են նորերը կառուցելու վերաբերյալ խոսակցությունները: Ի դեպ, ես ողբերգություն չեմ տեսնում նաեւ այն դեպքում, եթե դրանք կառուցվեն` մեր երթուղին մրցունակ կլինի»,-ավելացրել է Ռոբերտ Քոչարյանը:






 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---