Սեպտեմբերի 20-ին կբացվի Մատենադարանի հիմնանորոգված հին շենքը

Սեպտեմբերի 20-ին կբացվի Մատենադարանի հիմնանորոգված հին շենքը

PanARMENIAN.Net - 2012 թ. սեպտեմբերի 20-ին` ժ. 16.00-ին, տեղի կունենա «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնանորոգված հին կառույցի պաշտոնական բացումն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան հոգևորականների ու պաշտոնատար անձանց այցը: Կառույցի շահագործման մեկնարկը տրվելու է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ճիշտ մեկ տարի անց, ինչպես և հայտնել էր հանրապետության նախագահը նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողության իր ելույթում:

Հիմնական շենքը գործելու է իբրև թանգարանային համալիր` աննախադեպ հնարավորութուն ընձեռելով հայ և համաշխարհային պատմամշակութային արժեքների հանրահռչակման ռազմավարության իրականցման համար: Նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն գործելու են տասնհինգ ցուցասրահներ (Արցախի, Վասպուրականի, Արևելյան մանրանկարչության, Միջնադարյան քարտեզների, Բժշկագիտության, Հնատիպ գրքերի, Արխիվային փաստաթղթերի, Նվիրատվությունների և այլն): Առաջին անգամ գործելու է «Վիրտուալ Մատենադարան» ցուցասրահը, որ զգալիորեն նպաստելու է ցուցադրվող նմուշների յուրացմանը, Մատենադարանի, հայ գրչության կենտրոնների ու գրավոր մշակույթի վերաբերյալ տեղեկության տարածմանը, տարաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը:

Բացման կապակցությամբ կազմակերպված ցուցադրություններում ներկայացված են Մատենադարանի հավաքածուների լավագույն ձեռագրական նմուշները, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերի բացառիկ օրինակները, որ արտացոլում են ոչ միայն հայոց մշակութային ժառանգությունը, այլև օտար ազգերի հոգևոր, պատմական ու քաղաքական իրողությունները: Հիմնական ցուցադրություններից բացի կազմակերպվելու են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ:

Սրահները նորոգվել են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման արդի չափանիշների նկատառումով` լուսակարգավորիչ, ջերմախոնավային պայմանակարգի վերահսկման, հակահրդեհային, ազդանշանային և շուրջօրյա տեսահսկողությունն ապահովող սարքերով:

Հին հիմնանորոգված շենքի շահագործմամբ Մատենադարանն ամբողջանում է իբրև հայ հոգևոր արժեքների պահպանման ու հանրահռչակման համալիր, հայագիտական կենտրոն և մշակութային գերակա արժեք` գիտական և թանգարանային առաջնակարգ հաստատությունների արդի չափանիշներին համապատասխան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---