Դուդուկի փառատոնի փակմամբ եզրափակվեց նաև «Իմ Հայաստան» համահայկական ծրագիրը

Դուդուկի փառատոնի փակմամբ եզրափակվեց նաև «Իմ Հայաստան» համահայկական ծրագիրը

PanARMENIAN.Net -

Դուդուկի փառատոնի փակմամբ եզրափակվեց նաև «Իմ Հայաստան» համահայկական ծրագիրը: ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական ծրագիրը տևեց 5 ամիս, որոնց ընթացքում հայրենիքում ելույթներով հանդես եկան ավելի քան 3000 մասնակից, ովքեր կայացել ու հաստատվել էին այլ երկրներում և տարիներ շարունակ հնարավորություն չէին ունեցել ելույթ ունենալ հայաստանյան բեմերում: Փառատոնը միավորել էր բացառիկ արվեստագետների:

Դուդուկի փառատոնը Հայաստան էր բերել շուրջ 10 անվանի դուդուկահարների աշխարհի տարբեր ծայրերից: Փառատոնի մասնակիցները համերգներ ունեցան ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում և Գավառում:

Դուդուկի փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը դուդուկահարներին նվագակցում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Ցուցադրված վավերագրական ֆիլմում արժևորվեցին այն հայ կատարողները, ում ստեղծագործությունները հնչում են աշխարհահռչակ ֆիլմերում, հիշատակվեցին բոլոր ժամանակների երախտավոր կատարողները:

Ելույթ ունեցան արտերկրից ժամանած և հայաստանցի դուդուկահարներ: Ժողովրդական երգերի կատարմամբ հանդես եկան Գուրգեն Դաբաղյանը, Եվա Թաշչյանը, Հայկուհի Բաբախանյանը: Համերգի վերջում հնչեց սփյուռքից ժամանած դուդուկահարների համատեղ խորհրդանշական կատարումը:

Ասմունքով հանդես եկան սիրիահայ Սալգիս Բալխյանը և Անուշ Նագաշյանը: Փառատոնի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հպարտությամբ փաստեց, որ մենք` հայերս ենք դուդուկի համաշխարհային մշակույթի կրողը: Նախարարը կոչ արեց փառաբանելու դուդուկի վարպետներին, ում միջոցով դուդուկը համաշխարհային անուն է վայելում, հնչում է աշխարհի բեմերում, և ովքեր այսօր իրենց շուրջը համախմբում են այն երիտասարդներին, որոնք դուդուկը տանում են դեպի հավերժություն:

Դիմելով Դուդուկի փառատոնի մասնակից կատարողներին` նախարարը նշեց. «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք Սփյուռքի նախարարության հրավերը` միասին փառաբանելու դուդուկը: Այսպիսով դուք դարձաք նաև փառատոնի հիմնադիրները մի բեմում, որտեղ միախառնվում են հայրենիքն ու սփյուռքը»:

Նախարարն «Իմ Հայաստան» փառատոնի մասնակցության հավաստագրեր և խորհրդանշական նվերներ հանձնեց բոլոր մասնակիցներին` հույս հայտելով կրկին հանդիպել 2014 թվականին ծրագրված հերթական «Իմ Հայաստան» փառատոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---