Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կկիրառվի Եվրամիության փորձը

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կկիրառվի Եվրամիության փորձը

PanARMENIAN.Net - Այսօր ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցում աշխատանքն սկսեց «ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում» թեմայով սեմինարը:

Եվրոպական միության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի, մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին, բացման խոսքում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության ցուցանիշներն ու ներուժը, կարևորելով Եվրոպական միության հետ վերջինիս ինտեգրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ կապված առկա ռեսուրսային ներուժի , հատկապես հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսության ճյուղերի ինտեսիվացման և արդյունավետության բարձրացման, արտադրանքի իրացման, մատչելի վարկային ռեսուրսների ապահովվածության, ճյուղում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության ու տեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման և այլ գործոնների հետ, նա մասնավորապես նշեց.

«Վերը հիշատակված խնդիրների լուծման գործընթացում չափազանց կարևորվում է Եվրամիության փորձի ուսումնասիրումը և դրանց կիրառման հնարավորությունների գնահատումն ու լավագույն փորձի ներդրումը, որը անշուշտ կնպաստի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների աստիճանական լուծմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը: Հիշատակվածի առնչությամբ կարևորվում է Եվրոպական միության փորձը գյուղատնտեսության և գյուղի զարգացման քաղաքականության մշակման, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման, ագրարային ոլորտում ծրագրերի ներդրման , այդ գործընթացում շահագրգիռ կառույցների ներգրավման, գյուղատնտեսության խորհրդատվական համակարգի զարգացման, մարքեթինգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության զարգացման , ապահովագրական համակարգի ներդրման և այլ ուղղություններով: Հայաստանի համագործակցությունն Եվրոպական միության հետ մշտապես եղել է միջազգային ինտեգրման առանցքային ուղղություններից և այն ի թիվս այլ ուղղությունների ծառայում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացման, տնտեսության բարելավման և կատարելագործման նպատակին»:

Երկու օրվա ընթացքում սեմինարի մասնակիցները կքննարկեն գյուղական զարգացման քաղաքականության և ազգային ռազմավարության հիմնական բաղադրիչների մշակման, վարչական կառուցվածքների և ընթացակարգերի բարելավման նպատակով գյուղական զարգացման ծրագրերի մշակման, իրականացման և կառավարման, ինչպես նաև, ագրարային համակարգի համաչափ զարգացմանն անհրաժեշտ այլ կարևոր հարցեր ու առաջարկներ, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---