Ա. Իսկանդարյան. Պետք է ապահովել պետկառույցների նորմալ կառավարում

Ա. Իսկանդարյան. Պետք է ապահովել պետկառույցների նորմալ կառավարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը 21 տարում կայացել է որպես պետություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքակետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայաստանն իրեն անկախ պետություն հռչակեց ծանր պայմաններում՝ ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, ղարաբաղյան պատերազմ, արդյունաբերության կոլապս: Մեր երկիրը 21 տարեկան է, թեև հասկանալի է, որ պետականության ճանապարհը Հայաստանը սկսել է ոչ թե 1991, այլ 1988 թվականին»,-հայտարարել է նա:

Անդրադառնալով հայկական պետականության նվաճումներին, քաղաքագետը նշել է, որ հետխորհրդային ոչ բոլոր երկրներն են կայացել որպես պետություն, Հայաստանը կայացածների թվում է: «Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որ վերահսկում է իր տարածքը, այն դեպքում, երբ Վրաստանի ու Ադրբեջանի դեպքում դա այդպես չէ: Հայաստանն, ըստ էության, Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն ունի այնպիսի կարևոր պետականաստեղծ ինստիտուտ, ինչպիսին բանակն է, հարևան պետությունների պարագայում ես նվազ վստահությամբ կօգտագործեի այդ բառը: Ավելին, մեկի փոխարեն ունենք միանգամից երկու հայկական պետություն: Հայաստանում կա քաղաքական համակարգ, որը, ճիշտ է կատարելագործման կարիք ունի, սակայն երկրում տեղի է ունենում իշխանության գոնե ինչ-որ ռոտացիա: Եթե նայենք հետխորհրդային երկրներին, ապա նույնը տեղի է ունենում նաև Մոլդովայում և Ուկրաինայում: Բացի այդ, Հայաստանը, անկախ բազմապիսի քննադատությունից, լավագույն տնտեսությունն ունի Հարավային Կովկասում: Ադրբեջանի պարագայում, եթե հաշվի չառնենք նավթն ու գազը, տնտեսության վիճակը վատ է»,-գտնում է Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձել է նաև բացթողումներին՝ հայտարարելով, որ Հայաստանում դեռևս լավ ձևավորված չէ քաղաքական համակարգը: «Ռոտացիա կա, սակայն հանրությունը դեռևս այդ ռոտացիան չի ընդունում: Ցանկացած ընտրություն մեր երկրում ընկալվում է որպես տարերային աղետ, ցանկացած իշխանության լեգիտիմությունը թույլ է: Ձևավորված չէ կուսակցական համակարգը, ինչպես նաև քաղաքական կուլտուրայի շատ այլ տարրեր: Ինչ վերաբերում է տնտեսության համակարգին, այն ևս դժվարությամբ է փոխվում, բազում խնդիրներ կան գործարարության զարգացման առումով, կապված կաշառակերության հետ:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք բոլոր անհրաժեշտ բաները պետության համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն է տևական ու մշտական փոփոխությունների՝ ինչը դեռ պետք է ստեղծենք, պետկառույցների նորմալ կառավարումն է, մի համակարգի ստեղծումը, որտեղ օրենքը կաշխատի այնպես, ինչպես պետք է աշխատի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---