Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի «Գրական Տապան 2012» փառատոնը

Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի «Գրական Տապան 2012» փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի «Գրական Տապան 2012» փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Գրանիշ» գրական ակումբի պաշտոնական կայքը, փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Առաջին անգամ «Գրական Տապանն» անցկացվել է 2001թ. Երևանում, երկրորդ անգամ` 2011թ. Երևանում և Ջերմուկում։ Իսկ այս տարի այն կանցկացվի Վանաձորում, Լոռվա մարզում և Երևանում։

Հոկտեմբերի 16-26-ը փառատոնը կանցկացվի երկու սիմվոլիկ հատվածների պայմանական բաժանմամբ` Պոեզիա և Արձակ։ Տեղի կունենան քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ։ Օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան այցելելու Լոռվա մարզում, ապա և` Երևանում ու նրա շուրջ գտնվող մշակութային-պատմական հուշարձանները, լինելու ՀՀ բուհերում և անմիջապես շփվելու բանասեր, օտար լեզուների և գրականության մասնագետ դասախոսների, ուսանողների հետ։ Լոռու մարզում` Դսեղում և Վանաձորում` Թումանյանի և Զորյանի տուն-թանգարաններում, գրական թեյախմություններ կկազմակերպվեն։

Տապանն այս տարվանից և հետայսու կունենա իր «Նոյը», իսկ ներկայացված մշակույթները` գրողներն ու գրականության մարդիկ կլինեն Նոյյան «որդիները», «տոհմը», «նավազները»` գրականության հավատավոր հոտը:

«Գրական Տապան 2012»-ի օրերին տեղի կունենա նախորդ փառատոնի հուշագրությունների գրքի` «Գրական Տապան 2011»-ի շնորհանդեսը և փառատոնի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ Այս տարվա փառատոնի օտարերկրյա հյուրերի հուշագրության արդյունքը ևս կլինի գիրք, որը լույս կընծայվի 2013-ին, ինչպես նաև կնկարահանվի ֆիլմ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվում է փառատոնի պաշտոնական կայքի բացումը:

«Գրական Տապանը» գրողների, գրականագետների, ընթերցողների ֆորում է։ Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը` «Գրական Տապանը» հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---