«Էրեբունի» թանգարանում մեկնարկել են թեմատիկ սեմինարները

«Էրեբունի» թանգարանում մեկնարկել են թեմատիկ սեմինարները

PanARMENIAN.Net - Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում սկսվեց «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» և «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երևանի Արաբկիր համայնքի Լև Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը, դպրոցական միջին տարիքի 16 աշակերտներից ձևավորված դասարանին ողջունեց արգելոց-թանգարանի տնօրեն, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը: Կարևորելով դպրոցական կրթությունը վաղվա քաղաքացու ձևավորման գործում` նա մասնավորապես շեշտեց ժառանգության ճանաչման և պահպանության նշանակությունը հայրենիքի բարձր վարկանիշ ունենալու գործում:

«Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը, որը վարում էր ԵՃՇՀ դասախոս, ճարտարապետ Նունե Չիլինգարյանը, ընդհանուր հասկացություններից բացի դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ տերմինների և օրենքների մասին բացատրություններ ու օրինակներ` պատկերային նյութի ցուցադրմամբ: Դպրոցականների հետաքրքրությունը մեծ էր հատկապես համաշխարհային ժառանգության նկատմամբ:

Երկրորդ թեմատիկ սեմինարը ամբողջապես նվիրված էր Էրեբունի ամրոցի պատմությանն ու պահպանությանը: Համառոտ դասընթացն ունկնդրելուց հետո սեմինարի մասնակիցները արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանի հետ ծանոթացան հիմնական ցուցադրությանը և շրջեցին ամրոցի միջնաբերդում:

Սեմինարի ավարտին նրանք լրացրեցին հարցաշար` փորձելով գնահատել սեմինարի բովանդակությունն ու կազմակերպման ձևը: Երկու սեմինարների նյութը DVD կրիչով բաժանվեց բոլոր մասնակիցներին: Թեմատիկ սեմինարիների 2-րդ դասը կկայանա 2012թ. սեպտեմբերի 27-ին` գեղարվեստական կրթություն ստացող դպրոցականների մասնակցությամբ: Սեմինարները նախապատրաստվել են Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման»նախագծի շրջանակում`«ԻԿՕՄՕՍ/Հայաստան»հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր«Էրեբունի»արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում (Architectura I Prestizh գործընկեր): Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին`«Էրեբունի»պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---