Հայաստանում նշվում է ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը

Հայաստանում նշվում է ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակն իր ռազմավարական գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր տոնում է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը:

Տոնակատարությունների գլխավոր միջոցառումը պաշտոնական ընդունելությունն է Երևանի Սիրահարների այգում, որի ընթացքում հանրությանը ներկայացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 20-ամյա գործունեության արդյունքները պատկերող լուսանկարների ալբոմը:

Այս միջոցառմամբ մեկնարկում է Հայաստանում ՄԱԿ-ի ամիսը: Այս նշանակալից իրադարձության տոնակատարության շրջանակներում ՄԱԿ-ը Արտաքին գործերի, Տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունների և «ՀայՓոստի» հետ կկազմակերպի ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայության 20-րդ տարեդարձին նվիրված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությունը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

ՄԱԿ-ի օրը Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առավել պրոֆեսիոնալ լուսաբանման համար հայաստանցի լրագրողներին կշնորհվեն լրագրության ասպարեզում ՄԱԿ-ի մրցանակները: ՄԱԿ-ի մասնագիտական ժյուրին հաղթողներին կընտրի՝ հիմք ընդունելով նրանց մասնագիտական պատրաստվածության, ստեղծագործականության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության խոր իմացության չափանիշները:

Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի լուսանկարների պատմական ցուցահանդես: Այն կպատկերի ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները՝ ի աջակցություն կայուն զարգացման ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի, և կբարձրացնի հանրային իրազեկման մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ: Ի լրումն լուսանկարների ցուցահանդեսի՝ կկազմակերպվեն բանավեճեր ՄԱԿ-ի դերի և ձեռքբերումների վերաբերյալ:

Առաջիկա ամսվա ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները նաև Հայաստանի համալսարանների ուսանողների հետ կքննարկեն ՄԱԿ-ի դերը մարդու իրավունքների, խաղաղության առաջմղման և մարդկային զարգացման խթանման հարցում: Երևանի տարբեր համալսարաններին կբաշխվի ՄԱԿ-ին առնչվող գրականություն՝ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը հյուրընկալող Հայաստանի ազգային գրադարանի շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով:

1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ վաթսունյոթ տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թվականի դեկտեմբերին՝ 1992-ի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելուց հետո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---