«Ամերիա» ՓԲԸ-ն լայնածավալ հետազոտություններ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում

«Ամերիա» ՓԲԸ-ն լայնածավալ հետազոտություններ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների լայնածավալ հետազոտություններ: Միջազգային պրակտիկայում կիրառվող առաջադեմ մեթոդներով կատարվում են մասնագիտական վերլուծություններ, բացահայտումներ, միաժամանակ տրվում են համապատասխան գնահատականներ և նախանշվում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միտումները:

Առաջին հետազոտությունն իրականացվել է Երևանում սննդամթերքի և այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առևտրի, բնակչության նախասիրությունների, կատարվող ծախսերի վերաբերյալ, միաժամանակ տրվել են գնահատականներ ըստ սուպերմարկետների և այլ առևտրի կետերի:

Նման մանրակրկիտ հետազոտությունը կարող է օգտակար լինել մանրածախ/մեծածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին` իրենց բիզնեսն առավել արդյունավետ կազմակերպելու, թույլ և ուժեղ կողմերը գնահատելու, բնակչության պահանջմունքները լավագույն ձևով ընկալելու համար: Հետազոտությունը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել նաև բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, առանձին հետազոտողներին և գիտնականներին:

Համաձայն հետազոտության արդյունքների` սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի և տնտեսական ապրանքների շուկայում սուպերմարկետների տեսակարար կշիռը գնահատվել է մոտ 39%, ընդ որում միայն 30%-ը կազմում են Երևան քաղաքի 4 հիմնական սուպերմարկետները: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երևանում ալկոհոլային խմիչքների ձեռքբերման շուկայում, նրանց բաժին է ընկնում այդ շուկայի 63.1%-ը: Ըստ ապրանքատեսակների դիտարկելիս գյուղատնտեսական շուկաները հիմնականում օգտագործվում են մրգի և բանջարեղենի գնումների համար, որոնց բաժին է ընկնում այս ապրանքատեսակների մանրածախ առևտրի ամբողջ ծավալի 28.0%-ը: Հացը և ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում, որոնց բաժին է ընկնում այդ ապրանքատեսակների համապատասխանաբար` 30.3%-ը և 29.7%-ը:

Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են ըստ վարչական շրջանների սուպերմարկետների հաճախելիությունը, հաճախորդների կողմից սուպերմարկետների ընտրության հիմնական չափանիշները և այլն: Միաժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում սուպերմարկետները դասակարգվել են ըստ տարբեր չափանիշների` գին-որակ, սպասարկում, տեսականի և այլն:

Ուսումնասիրություններից պարզվել է, որ բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից: Առևտրի մյուս կետերն ըստ հաճախորդների ամենօրյա այցելությունների ունեն այսպիսի հերթականություն` մեծ մթերային խանութներ, կրպակներ, փողոցային առևտրի կետեր, շուկաներ, մեծ տնտեսական խանութներ, առևտրի կենտրոններ:

Սուպերմարկետի ընտրության համար կարևորագույն գործոններն են ըստ առաջնահերթության` տեսականին, սպասարկման որակը, վստահությունը սուպերմարկետի նկատմամբ, տեղակայվածության հարմարավետությունը: Սննդամթերքի ընտրության երեք հիմնական գործոններն են ըստ հերթականության՝ որակը, ապրանքների թարմությունը, գինը, իսկ տնտեսական ապրանքների համար՝ որակը, գինը, նախկինում փորձված լինելը:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Արագ սպառման ապրանքների շուկայում մրցակցությունը կենտրոնանում է հիմնականում ցանցային սուպերմարկետների սեգմենտում: Այդ առումով հետաքրքիր է, որ ցանցային մանրածախ առևտրի օբյեկտների ի հայտ գալը նաև էական փոփոխություններ առաջացրեց բնակչության կողմից գնումների մշակույթում և սպառման վարքագծում: Դա մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից` ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր և այլն, մյուս կողմից կարող է ազդել սպառողական ապրանքների գնաճի վրա:

Հետազոտության արդյունքներն առավել խորությամբ և արդեն ըստ համապատասխան առևտրի կետերի կներկայացվեն մոտ ապագայում նախատեսվող կլոր սեղանի քննարկման ընթացքում, որին կմասնակցեն ոլորտի խոշորագույն ընկերությունները, ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները և այլն: Ցանկացողները մասնակցության համար կարող են դիմել «Ամերիա» ՓԲԸ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---