Վիճակագրություն. Հայ աղջիկներն ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում

Վիճակագրություն. Հայ աղջիկներն ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում

PanARMENIAN.Net - Այսօր՝ 2012 թ. հոկտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այս տարի երեխաների վաղաժամ ամուսնությունն է: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից:

«Առաջիկա տասնամյակում 142 միլիոն 18 տարին չլրացած աղջիկ կարող է ամուսնանալ », - նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակած զեկույցում, որտեղ նշվում է նաև, որ չնայած երևույթը կանխելուն ուղղված օրենսդրության առկայությանը, երեխաների ամուսնության տարածվածությունը մնացել է անփոփոխ:

«Մանուկ հասակում ամուսնացնելու սոցիալական, մշակութային կամ կրոնական որևէ հիմնավորում չի կարող արդարացնել այն վնասը, որ այդ ամուսնությունները պատճառում են երիտասարդ աղջիկներին», - նշել է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինը:

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը վիճակագրական տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանում ապրում է մոտ 422.000 աղջիկ երեխա (0-ից 18 տարեկան): Աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով քիչ են տղա երեխաներից: Աղջիկ երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք: Ծնվելուց հետո աղջիկ երեխաների նկատմամբ հայ ընտանիքները ցուցաբերում են նույն խնամքն ու հոգատարությունը, ինչ տղա երեխաների: Ամեն տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա: Նորածին աղջիկներին ամենահաճախն անվանակոչում են Մանե, Միլենա կամ Էլեն:

Հայ աղջիկներն ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում: Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են: Միաժամանակ պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը ևս կանայք են:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---