«Քարեվարդ» ՍՊԸ-ն պատասխանել է բնապահպանների տարածած հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Այսօր բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածված հայտարարությանը՝ Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին, արձագանքել են «Քարեվարդ» ՍՊԸ-ից: PanARMENIAN.Net –ին փոխանցած նրանց պարզաբանման մեջ նշված է. «Մասնավորապես «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որր «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը որևէ առնչություն չունի «Քարեվարդ» ՍՊԸ-ի հետ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի հետ:

«Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը գործում է ոչ թե 5 տարի, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ 3 տարի՝ 2009թ. սեպտեմբերից: «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ն իր գործարկման սկզբից ապահովված է եղել ձկնուղով, որը, սակայն, շարքից դուրս է եկել գետի վերջին վարարման պատճառով: ՀԷԿ-ի անձնակազմը արդեն իսկ սկսել էր ձկնուղու վերականգնման աշխատանքները, սակայն, որոշ բնապահպանների կողմից ՀԷԿ-ի արգելապատնեշները անհեռատեսորեն բարձրացնելու հետևանքով վարարած ջուրը վնասել է կիսաշեն ձկնուղին: Ամեն դեպքում մենք պարտավորվում ենք հնգօրյա ժամկետում ամբողջությամբ վերանորոգել և վերագործարկել խնդրո առարկա ձկնուղին»:

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածք «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման գոտի են այցելել Հայաստանի բնապահպան ակտիվիստները: Իջևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանից թերթը տեղեկացել է, որ ակտիվիստները տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Բնապահպանները հանդիպել են ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն Երեմ Սարգսյանի հետ, նրանց միջև խոսակցության ժամանակ կրքերը մի պահ բորբոքվել են:

Բնապահպան ակտիվիստներն այդ տարածքում տեսել են եռակցողների, շինարարության աշխղեկին, ինչից կարելի է ենթադրել, որ չնայած հողհատկացման և շինթույլտվության բացակայությանը, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը շարունակվում է: Շինարարության գոտուն կից արջատխլենու պուրակն է, որը պետք է ունենա իր բուֆերային գոտին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---