Կարեն Ղազարյան. «Popok» փառատոնը կնպաստի Հայաստանի գովազդային շուկայի բարելավմանը

Կարեն Ղազարյան. «Popok» փառատոնը կնպաստի Հայաստանի գովազդային շուկայի բարելավմանը

PanARMENIAN.Net - «Popok» գովազդի միջազգային փառատոնը կնպաստի Հայաստանի գովազդային շուկայի բարելավմանը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց փառատոնի կազմակերպիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Կարեն Ղազարյանը: «Փառատոնը ևս մեկ հնարավորություն է հայաստանյան գովազդատուների համար, որպեսզի ներկայացնեն իրենց, ծանոթանան այլ երկրների գովազդային շուկայի փորձառությանը և կատարելագործվեն: Հայկական գովազդը շատ բացթողումներ ունի, լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման համար ժամանակ և լավ մասնագետների պատրաստում է անհրաժեշտ»,- ասաց նա` հավելելով, որ փառատոնն աստիճանաբար մասնակից երկրների ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում:

«Popok» գովազդի միջազգային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի փառատոնը կատարեց իր երեք գլխավոր նպատակները` ուսուցանում, մրցակցություն և նոր կապերի հաստատում: «Վարպետության դասերին մեծ քանակությամբ այցելուներ կային, մի մասն անգամ նախատեսվածից երկար տևեցին: Ուստի կարող ենք համարել, որ այս տարվա փառատոնը ևս հաջողությամբ կատարեց իր առաքելությունը: Հաղթողների համառոտ ցուցակներն արդեն պատրաստ են, և այսօր` ժամը 16:00-ին, փառատոնի փակմանը Հայ-Ռուս (Սլավոնական) համալսարանում կհայտարարվեն մրցանակակիրները»,- ասաց նա:

Փառատոնի ժյուրիի անդամ, “GroupM Central Asia and Caucasus”-ի տարածաշրջանային համակարգող Միխայիլ Պյատինն իր հերթին ընդգծեց, որ մասնակիցների աշխատանքների մեջ կային և' լավ, և' արտակարգ գովազդներ: «Հայաստանյան գովազդատուները, անխոս, դեռ շատ աշխատելու տեղ ունեն, բայց ներուժը կա և կա ամենակարևորը` ստեղծագործականությունը»,- նշեց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---