2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի ուսումնական հաստատությունները 4,9 մլրդ դրամ հարկ են վճարել

2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի ուսումնական հաստատությունները 4,9 մլրդ դրամ հարկ են վճարել

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող այն ուսումնական հաստատությունները, որոնք հարկատուներ են համարվում, 2012թ. առաջին կիսամյակում 4,9 մլրդ դրամ հարկ են վճարել, ինչը 11,4 տոկոսով ավելի է 2011թ. նույն ժամանակահատվածից: Այդ մասին նոյեմբերի 1-ի կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարարը ներկայացրեց կրթության ոլորտի վերաբերյալ տվյալները, այդ թվում անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարմանը:

Աշոտյանը նաև հայտնեց, որ Հայաստանի 12 բուհեր խոշոր հարկատուների ցուցակում են, իսկ պարտադիր սոցվճարներով նույնիսկ 100 խոշոր հարկատուների ցանկում, և այստեղ աճը կազմել է 12 տոկոս նախորդ տարվա նույն հատվածի համեմատ:

Հոկտեմբերի 8-ի դրությամբ գերվճարները կրթության ոլորտում կազմել են 3,3 մլրդ դրամ, իսկ պարտքերը՝ 11 մլն դրամ:

Ըստ նախարարի, վճարովի ծառայությունների ծավալը կրթության ոլորտում առաջին 8 ամիսներին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է, հիմնական պայմանավորված այն հանգամանքով, որ բուհերում կրճատվել է ուսանողների քանակը, քանի որ անցայլ տարի մենք չունեցանք շրջանավարտներն, ինչը կապված էր դպրոցներում 12-ամյա կրթության անցնելու հետ: «Միաժամանակ, 2012թ. օգոստոսին արդեն գրանցվեց վճարովի ծառայությունների ծավալի 4,6 տոկոս աճ, մենք ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ առաջիկա տարիներին նախատեսվում է կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամտի ավելացման համար ձեռնարկել մի շարք միջոցներ, մասնավորապես, ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները և այլն։

Նախարարի զեկուցումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հարցը մանրակրկիտ և հետաքրքիր քննարկման է դրվել նախարարական կոմիտեի նիստում, որտեղ լսվել է նաև ՊԵԿ հարակից զեկույցը։ «Մեզ համար արձանագրեցինք մի շարք խնդիրներ, - հավելել է վարչապետը։ - Կարծում եմ՝ սա շատ օգտակար վարժություն էր և՛ պարոն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար, որպեսզի գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք, որպեսզի ըստ ճյուղերի բացահայտենք առկա ներուժը։ Այդ քննարկումից մեզ համար օգտակար բաներ քաղեցինք։

Հաջորդը լինելու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվետվությունը։ Դրանից հետո կլինի տրանսպորտի և կապի նախարարության հաշվետվությունը։ Մենք ձեզ կներկայացնենք նաև մյուս նախարարությունների հաշվետվությունների ժամանակացույցը», - ասել է Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---