ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - 2005 թվականի ապրիլի 24-ին Գրիգորիոպոլ քաղաքում (չճանաչված Մերձդնեստրի Մոլդովայի հանրապետություն) ստեղծվել է Մերձդնեստրի հայերի միություն, հաղորդել է Միության անդամ Էրնեստ Վարդանյանը: Տարբեր տվյալներով, այդ չճանաչված հանրապետությունում (իրավաբանորեն Մոլդովայի Հանրապետության մաս) բնակվում է շուրջ հազար հայ: Առաջին հայկական բնակավայրը Մերձդնեստրում հայտնվել է 1792 թվականի հուլիսի 25-ին, երբ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Մեծի հրամանագրով հիմնվել է քաղաք, որի ստեղծմանը մասնակցել են հայ վերաբնակներ: Այդ պատճառով էլ բնակավայրը ստացել է «Գրիգորիոպոլ» անվանումը` առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի պատվին: Ապրիլի 24-ի ժողովին Մերձդնեստրի հայ համայնքի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ծաղիկներ են դրվել Գրիգորիոպոլի հին հայկական եկեղեցում: Այնուհետեւ հավաքվածները որոշել են ստեղծել Մերձդնեստրի հայերի միություն, որի կազմի մեջ են մտել Գրիգորիոպոլ, Տիրասպոլ (Մերձդնեստրի մայրաքաղաք) եւ Դուբոսարներ քաղաքների համայանքները: Հետագայում նախատեսվում է ներառել Բենդերի, Ռիբնիցա եւ Կամենկա քաղաքների համայնքները: Հայերի միության վարչության նախագահ է ընտրվել տիրասպոլցի գործարար Գեղամ Գեւորգյանը, վարչության կազմի մեջ են մտել նաեւ Ռոբերտ Կիրակոսյանը (բժիշկ Գրիգորիոպոլից), Նիկոլայ Սեֆերյանցը (Գրիգորիոպոլի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախկին նախագահ), Թամարա Շաղոյան (Տիրասպոլի տեսական լիցեյի ուսուցիչ), Էռնեստ Վարդանյան (Մերձդնեստրի ռադիոյի աշխատակից, ք.Տիրասպոլ), ինչպես նաեւ Դուբոսարի համայնքի ներկայացուցիչներ: Բացի վարչությունից, ստեղծվել է Համայնքի խորհուրդ, որը կհավաքվի տարին երկու անգամ` ապրիլի 24-ին եւ հոկտեմբերի 13-ին, Գրիգոր Լուսավորչի օրը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---