14 նոյեմբերի 2012 - 16:50 AMT
ՊՆ-ում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:

Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ:

Ամերիկյան կողմը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի լաբորատորիաների դերը և դրանց ավելացումը:

Ամերիկյան անգլերենի ուսուցման նման լսարաններ ավելի վաղ բացվել են նաև Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: