14 նոյեմբերի 2012 - 17:30 AMT
Վաղը կանցկացվի «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը

Նոյեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը, որն արդեն երրորդ տարին է, ինչ պաշտոնապես անցկացվում է մեր երկրում «Այբ» կրթական հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթին մասնակցում են 295 դպրոց Հայաստանի Հանրապետությունից և 13 դպրոց Արցախից, մասնակիցների ընդհանուր թիվը` 2-11-րդ դասարանների 8000 աշակերտ:

Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64 000 դպրոցականների մասնակցությամբ: Արդեն 2010թ.-ին «Ռուսական արջուկ»-ին մասնակցել է 2,8 միլիոն երեխա Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից և այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի 15-ին:

Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2009-ին` փորձնական ձևաչափում, ապա 2010-ին և 2011-ին՝ արդեն պաշտոնապես։ Այս տարի արդեն երրորդ տարին է, ինչ մրցույթը պաշտոնապես անցկացվում է Հայաստանում: