Յան Լիշեցկի. Սերգեյ Սմբատյանն իմ սերնդակիցն է, ուստի նրա հետ ավելի հեշտ է աշխատել

Յան Լիշեցկի. Սերգեյ Սմբատյանն իմ սերնդակիցն է, ուստի նրա հետ ավելի հեշտ է աշխատել

PanARMENIAN.Net - «Սերգեյ Սմբատյանն իմ սերնդակիցն է, ուստի նրա հետ ավելի հեշտ է աշխատել»: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց մենակատար դաշնակահար Յան Լիշեցկին (Կանադա), ով նոյեմբերի 17-ին ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: «Այն դիրիժորները, ում հետ համագործակցում եմ, սովորաբար տարեց են, և նրանց հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտությամբ է ստացվում»,- նշեց նա` հավելելով, որ մեծ պատասխանատվություն է զգում Հայաստանում առաջին անգամ ելույթ ունենալու կապակցությամբ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին պատմեց, որ համագործակցության առաջարկը Լիշեցկուն արել էր դեռևս անցյալ տարի:

Անդրադառնալով այն փաստին, որ այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների փրկությանը` Սերգեյ Սմբատյանը ցանկություն հայտնեց, որպեսզի մյուս նվագախմբերը հետևեն այդ օրինակին և այդ կերպ բարեգործություն անեն:

Նշենք, որ 17-ամյա երաժիշտ Յան Լիշեցկին արդեն իսկ հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի, BBC սիմֆոնիկ, Լայպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի Մետրոպոլիտեն և այլ հանրահայտ նվագախմբերը:

Երիտասարդական նվագախմբի և հեղինակավոր Դոյչե գրամոֆոն (Deutsche Grammophon) ստուդիայի և Այ Էմ Ջի Արթիսթս (IMG Artists) երաժշտական գործակալության արտիստ, կանադացի դաշնակահար Յան Լիշեցկու կատարմամբ հանդիսատեսը կվայելի Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 Սիմֆոնիան: Համերգի դիրիժորն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---