Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա հայկական համույթ

Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա հայկական համույթ

PanARMENIAN.Net - Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն կլինի առաջին հայկական համույթը, որը ելույթ կունենա Վիեննայի լեգենդար Musikverein համերգասրահում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը` նշելով, որ համերգը տեղի կունենատրիոյի եվրոպական շրջագայությունների շրջանակում:

«Հյուրախաղերը կսկսվեն նոյեմբերի 26-ին` Մյունխենի ֆիլհարմոնիայի դահլիճում, կշարունակվեն նոյեմբերի 28-ին` Համբուրգի Laeizhalle-ում, 30-ին` Լայպցիգի հանրահայտ Gewandhaus սրահում: Բայց հյուրախաղերի գագաթնակետը կլինի դեկտեմբերի 2-ին` Վիեննայում, Musikverein-ի Բրամսի դահլիճում»,-ասաց Շահգալդյանը: Տրիոյի հետ համերգներում ելույթ կունենա նաև հայտնի գերմանացի ալտահար Դիմուտ Պոպենը, ով բազմիցս ելույթ է ունեցել Երևանում: Հյուրախաղերը կշարունակվեն Լիտվայում և Լատվիայում: Հնչելու են Ռախմանինովի, Բաբաջանյանի, Բրամսի և Շոստակովիչի ստեղծագործությունները:

Նշենք, որ Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար:

Երաժիշտները ճանաչված և սիրված են նաև արտերկրում: Նրանք ելույթ են ունենում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ելույթ են ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ավստրալիայում և այլուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---