ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ

PanARMENIAN.Net - Վերխնյայա Պիշմա քաղաքում (Սվերդլովսկի մարզ) չորեքշաբթի օրը հայտնաբերվել են երեք հայաստանցիների դիակ` բազմաթիվ հարվածների հետքերով, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը: Ոստիկանության նախնական տվյալներով` նրանք սպանվել են ծեծկռտուքի ընթացքում: Ինչպես տեղեկացրել է Սվերդլովսկի մարզի ՆԳՊՎ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը, առաջին սպանված տղամարդու` 1975 թվական, դին հայտնաբերվել է առավոտյան Վերխնյայա Պիշմայի Լենինի փողոցի կոյուղու լյուկում: Մյուս երկու սպանված հայերի դիակները` 1965 թվական, հայտնաբերվել են 10 րոպե անց` նույն քաղաքի տներից մեկի մոտ: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները օպերատիվորեն պարզել են սպանվածների ինքնությունը: Վերխնյայա Պիշմայի դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի համաձայն (սպանություն): Օրվա ընթացքում, պատմել է Վ. Գորելիխը, տեղի Մետալուրգների մշակույթի տան մոտ կայացել է հայազգի ներկայացուցիչների հետ հանդիպում: Հավաքվածների հետ հանդիպել է Վերխնյայա Պիշմայի դատախազը եւ ՆԳՄ ղեկավարությունը: «Հավաքվածները պարզել են իրենց հայրենակիցների մահվան հանգամանքները եւ խաղաղ ցրվել են»,- ասել է նա: Վ.Գորելիխի խոսքերով` Սվերդլովսկի մարզի ՆԳՊՎ պետ, ներքին ծառայության գեներալ լեյտենանտ Վլադիմիր Վորոտնիկովը տվյալ սպանությունները վերցրել է անձնական վերահսկողության տակ: Նրա կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ- հետաքննչական խումբ` քրեական հետախուզության եւ ԿՀՊՎ մասնագիտացված հետախույզներից: Ինչպես տեղեկացրել է մարզի ՆԳՊՎ մամուլի ծառայության ղեկավարը, ոստիկանության աշխատակիցները երեկոյան հայտնաբերել եւ կալանավորել են երեք կասկածյալների, եւ տեղի բնակիչներից մի քանի անձանց ստուգում են կատարված սպանությանը մեղսակից լիելում: «Մասնագետները չեն կապում այդ սպանությունները ազգամիջյան թշնամության դրսեւորման հետ»,- նշել է Վ.Գորելիխը` բացատրելով, որ նախնական տվյալներով դրանք «կատարվել են խուլիգանական մղումներով` փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում: Հետաքննությունը շարունակվում է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---