Իոսիֆ Կոբզոն. Ես հիմա էլ պատրաստ եմ անել ամեն ինչ, որ Առնո Բաբաջանյանը տուն-թանգարան ունենա

Իոսիֆ Կոբզոն. Ես հիմա էլ պատրաստ եմ անել ամեն ինչ, որ  Առնո Բաբաջանյանը  տուն-թանգարան ունենա

PanARMENIAN.Net - Շատ լավ կլինի, եթե Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանն իրականություն դառնա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնը: «Ժամանակին այդ հարցի շուրջ խոսակցություններ եղան, ես զրուցեցի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց հետո տեղեկացա, որ Առնոյի որդին` Արայիկը վաճառել է այդ տունը: Ես հիմա էլ պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն բան, բայց նախաձեռնողը Հայաստանի իշխանությունները պետք է լինեն և, մասնավորապես, քաղաքապետարանը»,- նշեց նա:

Երգիչը նշեց, որ ուրախ է կրկին գտնվել Երևանում, և որ իր համար հուզիչ ելույթ է սպասվում, որի ժամանակ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների երգեր: «Կհնչեն երգեր, որոնք ես շատ եմ սիրում կատարել համերգների ժամանակ»,- ասաց Կոբզոնը:

Այսօր առավոտյան Իոսիֆ Կոբզոնն այցելել է Առնո Բաբաջանյանի գերեզման, իսկ երեկ այցով գտնվում էր Էջմիածնում: Նա Հայաստան է ժամանել իր ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգին հանդես գալու նպատակով: Համերգն իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամին` Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով:

Համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու, Է. Կոլմանովսկու, Մ. Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ:

Համերգին կմասնացեն ՌԴ ՆԳ նախարարության Ներքին Զորքերի երգ ու պարի անսամբլը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՌԴ ժող. արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեև), Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ. Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն. Բուչինսկայան: Շնորհավորական ելույթներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Կամո Սեյրանյանը և Արման Հովհաննիսյանը:

Ի. Կոբզոնը բազմիցս համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է: Նա հանդես է եկել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում: Նա Ռուսաստանի գինեսի ռեկորդակիր է. ճանաչվել է երկրի ամենատիտղոսակիր արտիստը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---