ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10.3 մլն եվրո Բագրատաշեն ՀԱԿ-ում նոր կամրջի կառուցման համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10.3 մլն եվրո Բագրատաշեն ՀԱԿ-ում նոր կամրջի կառուցման համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը ստորագրեցին «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը:

Համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը` համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---