«Մանկական Եվրատեսիլում» Compass band-ը հանդես կգա «Բիթլզի» ոճով (վիդեո)

«Մանկական Եվրատեսիլում» Compass band-ը հանդես կգա «Բիթլզի» ոճով

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2012» երգ միջազգային մրցույթում հայաստանյան մասնակից Compass band-ը կներկայանա «Բիթլզի» ոճով: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանում «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը, «Խմբի «Sweetie baby» մրցութային երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նույնպես այդ ոճով է նկարահանված: Երկուշաբթի մեր պատվիրակությունը կմեկնի Ամստերդամ, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում կնկարահանվեն տեսաբացիկները: Բացի այդ, մասնակիցները մշտապես տեսախցիկների ուշադրության կենտրոնում են լինելու, քանի որ համերգի ժամանակ ցուցադրվելու են նաև վավերագրական կադրեր»,- նշեց նա` հավելելով, որ պատվիրակության կազմում կմեկնեն նաև մասնակիցների ծնողներն ու Չեխովի անվ. դպրոցից նրանց ընկերները` տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ:

Compass band-ի մասնակիցներն իրենց հերթին նշեցին, որ ձգտում են ոչ թե կրկնօրինակել, այլ նմանվել «Բիթլզին», որի երաժշտությունը հեշտ մարսելի են համարում հանդիսատեսի համար: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պատվով ներկայացնենք Հայաստանը այդտեղ և նվաճենք հանդիսատեսի համակրանքը»,- ասաց կիթառահար Արամ Ծատուրյանը:

Անդրադառնալով նախընտրական փուլում խմբի հետ հանդես եկած 9-ամյա Միքայել Վարոսյանի մասնակցության հարցին` Գոհար Գասպարյանը նշեց, որ ըստ «Մանկական Եվրատեսիլի» կանոնների` մասնակիցների տարիքը պետք է տատանվի 10-15 տարեկանի միջև, ուստի Միքայելը չի կարողանա մեկնել խմբի հետ, բայց փոխարենը հայտարարելու է հայաստանյան քվեարկության արդյունքները:

Խմբի անդամներ Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյան ու Աբրահամ Ազնաուրյանը նշեցին, որ իրենց գլխավոր մրցակիցներն են համարում Ռուսաստանի, Իսրայելի մասնակիցներին: Իսկ Գոհար Գասպարյանը հավելեց, որ համերգի ժամանակ` քվեարկության միջոցին, բոլոր երկրների մասնակիցները միասին կկատարեն մարդասիրական երգ, որը հատուկ գրվել է «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայաստանյան նախընտրական փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց Compass band խումբը «Sweetie baby» երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---