Նարեկ Հարթունյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը վնասում է նրա առողջությանը

Նարեկ Հարթունյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը վնասում է նրա առողջությանը

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը միջնորդել է դատարանին փոխել հանրապետությունից չբացակայելու մասին իր դեմ կիրառված խափանման միջոցը: Հարթունյանի խոսքով, այն բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում իր համար: Փաստորեն նրա՝ հանրապետությունից դուրս գալը փաստացի անհնար է դարձել, ինչը նաև վնասում է նրա առողջությանը, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ նա չի կարողանում մեկնել ԱՄՆ և զննվել իր բուժող բժշկի մոտ: Իսկ գործունեության իմաստով բավական է միայն այն, որ հոկտեմբերին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի 25 պատանիներ համերգներով պետք է մեկնեին Գերմանիա և Ֆրանսիա, սակայն արվեստի միության նախագահի բացակայությամբ համերգներ տեղի ունեցան միայն Գերմանիայում և այն էլ 8 պատանիների մասնակցությամբ:

Սփյուռքահայ մշակութային գործիչը և նրա եղբորը` Սարո Հարթունյանին պատկանող ռուսական մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «GH Storage Enterprise» ընկերության երկու աշխատակիցները կալանավորվել էին անցյալ տարի դեկտեմբերին` մեղադրվելով հարկերից չարամտորեն խուսափելու մեջ: Ըստ ՊԵԿ-ի, պետությանը պատճառվել է շուրջ 64 մլն դրամի վնաս:

Նրանց նկատմամբ նախ կիրառվել էր կալանքը որպես խափանման միջոց, սակայն չորս օր անց հանրային ճնշման արդյունքում կալանքը փոխարինվել էր հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:

Նոյեմբերի 23-ի դատական նիստում Նարեկ Հարթունյանը միջնորդեց դատարանին ներկայում իր հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Իսկ որպես գրավ նա պատրաստ է դնել ավելի մեծ արժողությամբ գույք, քան իրեն առաջադրված է մեղադրանքով: Նույն դատական նիստում դատախազ Բագրատ Պետրոսյանը ներկայացրեց դատահամակարգչային և դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունները, նաև քննիչի զննության արձանագրությունը:

Միջնորդության մասին որոշում Շենգավիթի դատարանը կկայացնի նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, տեղեկացնում է Հարթունյան ընտանիքի մամուլի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---