Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրը ազատազրկվեց 1 տարով

Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրը ազատազրկվեց 1 տարով

PanARMENIAN.Net - Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց սկեսրոջ և ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը, Մարիամ Գևորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: «Համաներման հիմունքով ժամկետի 1/3-ը հանվեց, մնաց 2 տարի 7 ամիս, սակայն Հայկանուշ Միքայելյանը կալանքում արդեն անցկացրել է 1 տարի 7 ամիս, ուստի ազատազրկման ժամկետը կազմեց 1 տարի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների էր ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---