Լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանտյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

Լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանտյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանին, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանին, լիբանանահայ էստրադային երգիչ Ադիս Հարմանտյանին, ինչպես նաև` Լիբանանում անցկացվող Համազգային երգի 2012թ. մրցույթի մրցանակակիրներ Վարանդա Յակոբյանին, Ալիս Իփրաջյանին:

Հակոբյանը բարձր է գնահատել Համազգային հայ մշակութային հիմնադրամի դերը` Լիբանանում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներին աջակցելու և Հայրենիքում նրանց գործունեությունը ճանաչելի դարձնելու գործում:

Ապրելով և ստեղծագործելով Լիբանանում` երգիչ Ադիս Հարմանտյանը կարողացել է տարիներ շարունակ ներկայացնել հայ երգը սփյուռքի մշակութային կենտրոն Լիբանանում, տարբեր երկրների հայ համայնքերում և հայրենիքում:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, երգարվեստում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար Հրանուշ Հակոբյանը Ադիս Հարմանտյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Հակոբյանը հրավիրեց երգչին մասնակցելու նաև նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և փառատոններին:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Ադիս Հարմանտյանը, Վարանդա Հակոբյանը և Ալիս Իփրաջյանը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---