ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՐՀԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՀՈՒՇԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Վրաստանի խորհրդարանում ստորագրվել է Հարավային Կովկասի Խորհրդարանական Վեհաժողովի Հուշագիր: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության առաջատար գործիչներից մեկը` Սիյավուշ Նովրուզովը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Փաստաթղթի ստորագրման արդյունքում տեղի ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ Նինո Բուրջանաձեն ընդգծել է այդ իրադարձության կարեւորությունը: «Այդ քայլը հնարավոր դարձավ, ելնելով Բալթյան Միջխորհրդարանական Վեհաժողովի փորձից»,-հայտարարել է Բուրջանաձեն: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ «հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները կարողացան հաղթահարել հակասությունները եւ խոչընդոտները` եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացների հետ կապված նպատակները միասնական դիրքերից իրականացնելու համար»: Ինչպես հայտարարել են ճեպազրույցի բոլոր մասնակիցները, Հարավային Կովկասի պետությունները միասին կկարողանան հաջողթյամբ իրականացնել ինչպես իրենց երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանն ուղղված քայլեր: Խոսելով տարածաշրջանում առկա խնդիրների մասին, ներառյալ հակամարտությունների կարգավորումը, ճեպազրույցի մասնակիցները համոզվածություն են հայտնել դրանք հաղթահարելու հնարավորության վերաբերյալ: Ընդ որում նշվել է, որ հանդիպման մասնակիցները Հարավային Կովկասի ԽՎ աշխատանքից շոշափելի արդյունքներ ակնկալում են 2007 թվականից ոչ շուտ: Ինչպես ասվել է ճեպազրույցում, Հարավային Կովկասի ԽՎ-ն պետք է տարածաշրջանում կայունության լուրջ երաշխավոր դառնա:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---